211652_close_icon
views-count1663 դիտում article-date 20:54 29-04-2022

Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է. Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը

Արդեն երրորդ տարին է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը` Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից հաստատված 2000 թվականին: Այս տարին առավել խորհրդանշական է այն առումով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 15-ի նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որի համաձայն՝ Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում նշվում է ապրիլի վերջին ուրբաթ օրը։

Մասնագիտական այս տոնի հետ կապված միջոցառումները մեկնարկել են ապրիլի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում բնագավառի քաղաքականության մշակման և վերահսկողության պատասխանատուները ներկայացրել են ոլորտի ներկա վիճակն ու նախատեսվող բարեփոխումները: Ի մասնավորի՝ տեղեկացվել է, որ անասնաբուժությունն առաջիկայում կլիցենզավորվի. պետության հետ կնքած պայմանագրի շրջանակից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան համապատասխան լիցենզիա:

Տեղեկացվել է ևս մեկ բարեփոխման մասին. ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալման ու հաշվառման գործընթացը, որը կարևոր է վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից և լուրջ խթան՝ արտահանման համար:
Ապրիլի 28-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան, որի ընթացքում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողների հետ քննարկել է գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում, պատասխանել հուզող հարցերին:

Երկրում այսօր մեծ պահանջարկ ունեն մասնագիտական բարձր կարողություններ ու գիտելիքներ ունեցող անասնաբույժները: Այս առումով նշանակալի դերակատարում ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: 2019 թվականից համալսարանում բացված Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը կրթական համակարգում ներդրել է անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Անցած տարի բացված գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարանին, այս տարի ապրիլի 29-ին միացավ նաև անասնաբուժական ժամանակակից կլինիկան՝ մանր կենդանիների համար նախատեսված վիրահատարանով, որտեղ, ի դեպ, արդեն պրակտիկ դասեր են անցկացվում:

Ապրիլի 29-ին Երևանի «Անի Գրադ Հոթել»-ի  «Պանորամիկ» սրահում անցկացվել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված գլխավոր համաժողովը՝ «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրի ներքո, որի նպատակն է կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, ընթացիկ ծրագրերը, փոխանակել նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար:
 
 

Նմանատիպ նյութեր