1490 դիտում
16:58 23-04-2019
2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի 27-ին
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական զարգացման գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ֆինանսական աջակցությամբ:
Տոնի շրջանակներում միջոցառումներ, սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել երկրի մարզերում:
Ապրիլի 25-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում կկազմակերպվի «Գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով, իսկ ապրիլի 26-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե` ՀՀ, Երևան, Մովսես Խորենացու 15, սկիզբը ժամը 10:00-ին) կանցկացվի գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:
Համաժողովը նպատակ ունի կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը՝ որպես առողջ հասարակության գրավական, ձեռք բերել անասնաբուժության, ինչպես նաև ոլորտի վերահսկողության հարցում առկա խնդիրների, ընթացիկ ծրագրերի, համատեղ նախաձեռնությունների իրականացման, նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, փոխանակել և տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին:
Պատմական ակնարկ
Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան, քանի որ հենց այս երկրի Լիոն քաղաքում է 18-րդ դարում Լյուդովիկոս XV-ի կողմից հիմնադրվել կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին ոչ միայն մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ, այլև փոխանցվում էին մարդուն:
Սակայն մարդու անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ հասել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Եգիպտոսում հայտնաբերված «Անասնաբուժական պապիրուս»-ից, որտեղ նկարագրված են կենդանիների և թռչունների մի քանի հիվանդություններ: Անասնաբուժությունը հիշատակվում է նաև հին հնդկական, պարսկական, հունական աղբյուրներում:
Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է 1733 թվականին, Մոսկվայի մոտ գտնվող Իտրոշյովո գյուղի ձիաբուծարանում։
Հայալեզու աղբյուրներում կենդանիների զանազան հիվանդությունները և դրանց կանխման ու բուժման ձևերն առաջին անգամ հիշատակվում են 13-րդ դարի սկզբներին Կիլիկիայի հայկական թագավորությունում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց»-ում: Ռուսական կայսրությունում Երևանի նահանգի կազմավորումից հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվել են անասնաբուժարաններ և անասնաբուժական սահմանային կետեր։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո արդեն հիմնվել է անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ 1930 թվականին հիմնադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
18:27 23-04-2021
Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է ապրիլի 23-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3063 դիտում
18:26 27-04-2019
Առաջին անգամ Հայաստանում նշվել է Անասնաբույժի միջազգային օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին