211652_close_icon
views-count1491 դիտում article-date 15:30 01-05-2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ

Այսօր աշխատանքի օրն է, որը խորհրդանշում է 19-րդ դարի վերջին մեկնարկած աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը։

Սակայն հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։

Աշխատանքը ներկայացվում է որպես կենարար բարիք ու օրինակելի առաքելություն, իսկ հանրության կոլեկտիվ ջանքը՝ որպես պետության կառուցման ու ամրապնդման երաշխիք։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ։

2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13.9%-ի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։

Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից:

Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը: Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28.4%-ը։ Աշխատանքում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության բարձր մակարդակի առկայության մասին հարցվողները նշել են հատկապես պաշտպանության, շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության ոլորտներում աշխատողները:

Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն:

Ուստի, անհրաժեշտ է շարունակել ջանքերն աշխատանքային իրավունքների վերաբերյալ անձանց իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը։

Շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին փնտրել, ստեղծել ու գտնել օգտակար աշխատանքի ու զբաղվածության միջոցով սեփական ներուժը լավագույնս իրացնելու հնարավորություններ։
 
ՄԻՊ հանրային կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր