211652_close_icon
views-count1270 դիտում article-date 16:54 04-05-2022

Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի    որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովին կից խորհուրդ, և հաստատվել է դրա անհատական կազմը:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նիստը, որին ներկա է  եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անցկացվել է միացյալ՝ հոբելյանական հանձնաժողովի անդամների և աշխատանքային խմբի մասնակցությամբ:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Օհան Դուրյանի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և նշելու գործում միացյալ աշխատանքային խմբի կարևոր առաքելությունը:

«Բարձր մտավորականի իր էությամբ Օհան Դուրյանը եզակի երևույթ է ինչպես երաժշտարվեստի ոլորտում, այնպես էլ մեր կյանքում: Մաեստրոն ուղեցույց է յուրաքանչյուրիս համար՝ ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է ստեղծագործել, ինչպես սիրել և պայքարել: Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք, և նրա դավանած արժեքները պետք է ազդակ լինեն բոլորին՝ ձգտելու այդ կերպարին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս անդրադարձել է Օհան Դուրյանի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և որպես նպատակի իրագործման առաջնային քայլ մատնանշել հանձնաժողովի ու աշխատանքային խմբի կազմում համապատասխան կառույցների ղեկավարների և մշակույթի գործիչների ընդգրկվածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և դիտարկվել են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական  տարաբնույթ միջոցառումների բովանդակային բաղադրիչները, ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների առաջարկություններն ու դիրքորոշումները: Նախանշվել և մտքեր են փոխանակվել  նաև  միջոցառումների ձևաչափերի ու ժամանակացույցին  առնչվող մի շարք  հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր