211652_close_icon
views-count1292 դիտում article-date 13:17 06-05-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը:

«Սխալ վարքագիծ» գրքում ներկայացված է հետաքրքրաշարժ պատմություն՝ ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Գիրքը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ համալսարանը, լինելով ինժեներական կրթության և գիտելիքի կենտրոնատեղի, ողջունում է նմանօրինակ միջոցառումները: «Այս գրքում, ըստ էության, այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են և գիտության, փիլիսոփայության, հոգեբանության համադրության արդյունքում են ծնվել», -ասել է ռեկտորը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ հպարտ է հերթական գրքի տպագրությանն աջակցելու համար: «Այն, ինչ այսօր հասարակությանը չի բավականացնում, ամբողջովին չի հերիքում, հիմնականում գալիս հասնում է գիտությանը, գիտելիքին ու կրթությանը: Ուրախ եմ, որ գիրքը տպագրվեց, ուրախ եմ, որ մեր վաղեմի բարեկամ, այժմ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն է այն խմբագրել», -ասել է նա: «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյան էլ նշել է, որ ցանկացած գիրք մինչև չներկայացվի մայրենի լեզվով, հասարակության լայն շրջանակի կողմից դժվար ընկալելի կլինի: «Մենք փորձում ենք տարբեր բնագավառի համար հայերենի բառապաշար ստեղծել, ամենակարևորն այն է, որ վաղվա ուսանողի, գիտնականի մտքում հայերենը լինի», -ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ գրքի խմբագրման ընթացքը իր՝ որպես տնտեսագետի համար շատ կարևոր է եղել, և որոշ երևույթների սկսել է այլ դիտանկյունից նայել: Նախագահ Խաչատուրյանը գրքի խմբագրման աշխատանքներն իրականացրել էր նախքան պետական բարձր պաշտոն զբաղեցնելը:

«Մեզ համար տնտեսագիտության մեջ վարքագիծը հաշվի առնելը, գնահատելը կամ ընդհանրապես կառավարման մեջ օգտագործելը՝ երկրորդական, երրորդական կամ տասներորդական նշանակություն ուներ։ Շատ ավելի կարևոր էր կենտրոնացված պլանային համակարգը, ըստ որի՝ որոշումները մեր փոխարեն էին կայացվում: Այս ամեն ինչը, վարքագծային տնտեսագիտությունը, ընդհանրապես՝ վարքագիծը հաշվի առնելը շատ օտար էր,- ասել է Վահագն Խաչատուրյանը և հավելել, որ այսօր շատ երևույթներ այլևս նույնը չեն: -Պլանային տնտեսությունից անցումը շուկայական ազատ տնտեսության՝ լրացուցիչ բացատրությունների կարիք էր պահանջում և մենք՝ տնտեսագետներս, փորձում էինք հասկանալ, թե մեր կյանքում հայտնված առանձին երևույթներն ինչի հետևանքով են առաջանում։ Եվ այսպես՝ վերջին տարիների ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն և հոգեբանական գործոնը շատ ավելի կարևոր է, քան տնտեսագիտական ընդհանուր մոտեցումներով, սկզբունքներով կամ մեթոդներով տեղի ունեցող երևույթները ներկայացնելը»:

Հանրապետության նախագահը իր խոսքն ուղղելով տնտեսագետներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին ասել է. «Սա ավելի շատ գիրք է ձեզ համար։ Գրքում կգտնեք շատ հարցերի պատասխաններ, որոնք հնարավոր է փնտրում եք ձեր բիզնես գործունեությունն իրականացնելու ընթացքում, հարցերի պատասխաններ, թե ինչու սա այսպես ստացվեց կամ չստացվեց»։

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Ռիչարդ Թեյլերն իր բոլոր եզրակացությունների մեջ որևէ կարծիք չի հայտնել, մինչև հանգամանալից ուսումնասիրություններ չի կատարել, մինչև թվերը մանրամասն չի վերլուծել: «Իր խորհուրդը մեզ բոլորիս, տնտեսագետներիս հետևյալն է՝ հավաքեք թվեր, տվյալներ և միայն դրանից հետո կկարողանաք ընդհանուր եզրակացություններ անել։ Սա շատ կարևոր է նաև հատկապես դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Շատ դեպքերում մենք մեծամտանում ենք, ասում՝ արդեն ամեն ինչ գիտենք և չենք ուզում խորանալ տեղի ունեցող իրադարձությունների մեջ, չենք ուզում տվյալներ հավաքել, չենք ուզում հասկանալ, թե ինչն է պատճառը, և արդյունքում՝ տուժում ենք»։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքը կգրավի ընթերցողի ուշադրությունը: «Խմբագրման աշխատանքների ընթացքը լավագույնն է եղել ինձ համար։ Այս գիրքը նոր արժեքներ է ձևավորում: Ես ինքս զգում եմ, որ տեղի ունեցող մի շարք երևույթների այժմ այլ կերպ եմ նայում,- ասել է նախագահը: Ամեն ինչ ենթակա է փոփոխման, հավերժական չէ, լիարժեք, ամբողջական չէ և այս առումով՝ ցանկացած նոր նախաձեռնություն իրականացնելիս, ծրագրեր կազմելիս պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչը, մեր ծրագրերը կարող են անկախ մեզնից կամ մեր ծրագրածից՝ փոփոխվեն, և մենք պետք է դրան պատրաստ լինենք: Մի կարևոր հանգամանք ևս կա՝ պետք է ապագային նայել լավատեսությամբ, այն հավատով, որ մենք կարող ենք փոխել մեր կյանքը, որ հնարավորություններն ունենք և կարող ենք նոր հաջողություններ գրանցել»,- եզրափակել է նախագահ Խաչատուրյանը։

Միջոցառման ընթացքում Թեյլերի մոտեցումների և գաղափարախոսության մասին ելույթներ են ունեցել ոլորտի առաջատար մասնագետները: Նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել տարբեր հարցերի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր