Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և զինծառայողներին
2022 թ․ ապրիլի 15-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց՝ 2022 թ․ ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ հայտարարելու մասին։
ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումներ, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:
Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են ՀՔԱՎ-ի աջակցությամբ վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել նաև զինծառայողներին։
Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանին․
093339441 (նաև viber)
[email protected]
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական գրքույկի թարմացված տարբերակը: Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված:
ՀՔԱՎ-ը ներկայացնում է նաև ուղեցույցների շարք՝ զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, պահեստազորի սպայական կազմի, զինծառայության վայրերի վիճակահանության կարգի, ռազմաուսումնակակն հաստատություններ ընդունվելու կարգի վերաբերյալ։
Հելսինկյան Քաղաքացիական
Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ