211652_close_icon
views-count43040 դիտում article-date 21:42 13-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած՝ դպրոցի 7 սաների հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին,  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի  Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ  27 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած,  դպրոցի սաներ Ադամ Լևոնի Խալաթյանի, Ալեն Լևոնի Մարգարյանի , Արտյոմ Տիգրանի Առաքելյանի, Էրիկ Արտակի Սարյանի, Վահե Արթուրի Եղիկյանի, Գևորգ Գրիգորի Ջավախյանի, Մկրտիչ Գրիգորի Ղարիբյանի հիշատակը հավերժացնող հուշագիր-խաչքարի և դասասենյակի բացման արարողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ, բարեկամներ, հերոսածին մայրեր:

Խաչքարը օծվեց հոգևոր հովվի կողմից, որից հետո հանդես եկան դպրոցի սաները, ապա հերոսածին մայրերն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին  խաչքարին:

Միջոցառմանը ներկա էր նաև  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով նույնպես ծաղիկներ խոնարհեց  և մասնակցեց դասասենյակի  բացման արարողությանը:

Դասասենյակի կարմիր ժապավենը կտրեցին հերոսածին մայրեր, որտեղ այնուհետև հյուրերը ծանոթացան լեգենդար շրջանավարտների կյանքին, դիտեցին նրանց մասին՝  «Ձեզ բացակա չենք դնի» տեսանյութեր:

Դպրոցի սաները ասում էին. որ հպարտ են, որ սովորում են այն դպրոցում, որը 7 հերոս է տվել, 7 լեգենդ դարձած աշակերտ, ովքեր  44-օրյա պատերազմի ժամանակ տվեցին իրենց համար ամենաթանկը՝  կյանքը: Ամեն անգամ՝ թե՛ դպրոց, թե՛ դասասենյակ մտնելիս ի լուր աշխարհի ասելու ենք՝ ձեզ բացակա չենք դնի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 370+
370+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր