211652_close_icon
views-count2436 դիտում article-date 10:53 17-05-2022

Իրավիճակն ավելի է բարդանում այն բանով, որ ֆինները տարածքային պահանջներ ունեն Ռուսաստանից․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Ռուսաստանի հետ դաշինքի ցամաքային սահմանը կկրկնապատկվի՝ 1215-ից հասնելով 2600 կմ-ի, ինչն էականորեն վատթարացնելու է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։

Իրավիճակն ավելի է բարդանում այն բանով, որ ֆինները տարածքային պահանջներ ունեն Ռուսաստանից, որոնք թեեւ պաշտոնականացված չեն, բայց չի բացառվում, որ հետագայում դրանք առաջ քաշվեն։ Հավելենք, որ Ֆինլանդիայի հետ Ռուսաստանն ունի 1271 կմ ընդհանուր սահման, այդ թվում՝ 1091 կմ հողատարածք։ Ռուսական Վիբորգից մինչեւ Ֆինլանդիայի մոտակա Լապենրանտա քաղաք ընդամենը 65 կմ է: Շվեդիան սահման չունի Ռուսաստանի հետ, բացառությամբ Բալթյան ծովով ուղիղ մուտքիը Կալինինգրադի մարզ:

Ինչ վերաբերում է դաշինքի անդամ երկրներին, ապա հիմնականում աջակցում եւ ողջունում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի նման քայլը, սակայն կան երկրներ, որոնք զգուշավորությամբ եւ վերապահումով են մոտենում հարցին։ Օրինակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որքան հնարավոր է շուտ պետք է ընդունի Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի շարքերը, եթե նրանց խորհրդարաններն ու հասարակությունները նման որոշում ընդունեն, մինչդեռ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Իտալական լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին նշել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հետաձգվի։

Բավականին հետաքրքիր է Թուրքիայի մոտեցումը. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հետեւում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության գործընթացին եւ դեռ չի կարող դրական վերաբերվել։ «Սկանդինավյան երկրները սովորություն ունեն ահաբեկիչներին «հյուրընկալ վերաբերմունք» ցուցաբերել՝ թույլ տալով նրանց խորհրդարան մտնել։ Հետեւաբար, մենք դեռ չենք կարող դրան դրական նայել»,- ասել է Էրդողանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր