211652_close_icon
views-count9310 դիտում article-date 11:51 19-05-2022

«Սա իշխանության այլանդակության գագաթնակետն է՝ ցինիկ կերպով կաշառել այդ կոնտինգենտին՝ անձնական կաշին պաշտպանելու համար». Նախկին փոխոստիկանապետը՝ ոստիկանությանը 6.5 միլիոն դոլար պարգևավճարի մասին. 168.am

Մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված համազգային հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում ստացել է 6.5 միլիոն դոլար պարգևավճար:

Մայիսի 14-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է մոտ 5 միլիոն դոլարի: Պաշտոնական թիվ եմ ասում, երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին, մայիսի 11-ին ստացել են ևս 700 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է 1.5 միլիոն դոլարի, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում մեր ոստիկանությունը ստացել է մոտ 3 միլիարդ դրամ կամ 6.5 միլիոն դոլար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը’ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունների, քաղաքացիների դեմ բռնությունների համար:

168.amի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ Գագիկ Համբարձումյանն ասաց, որ նախկինում ոստիկանությանը երբեք այդ չափով չեն պարգևատրել, և նման բան չէր էլ կարող լինել։

«Սա իշխանության դեգրադացիայի և այլանդակության գագաթնակետն է։ Դեմոնստրատիվ, հրապարակային, ցինիկ կերպով կաշառել են այդ կոնտինգենտին՝ անձնական կաշին պաշտպանելու համար։ Սա խայտառակության գլուխգործոցն է, այդ գումարի կարիքը մեր հայոց բանակը չունե՞ր, ոչ մի խնդիր չկար, հա՞, բանակում լուծելու համար։ Այն ժամանակ ասում էին՝ այս մի բան չլիներ, որքան զենք կառնեին, այդ 6,5 մլն դոլարին որքան զենք կառնեին, որքան դիրք կկահավորեին այն երիտասարդների համար, որոնք սարերի վրա կանգնած, իրենց ուժերի չափով փորձում են սահման պահել։ Դրա մասին այլ ձևով կարելի՞ է արտահայտվել»,- նշեց Գագիկ Համբարձումյանը։

Ինչ վերաբերում է փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող գործողություններին, Գագիկ Համբարձումյանը նկատեց՝ ոստիկանությունը կիրառում է ոչ իրավաչափ ուժ։

«Ոստիկանության «գնման» այս գործընթացը ցույց է տալիս իշխանության վարքը։ Ի՞նչ համաչափության մասին կարող ենք խոսել, ովքե՞ր են խոսում այդ համաչափության մասին՝ խամաճիկ «ուսապարկե՞րը», հեղինակազուրկ ու բարոյազուրկ անձի՞նք։ Նրանց հայտարարությունները չարժե առհասարակ մեկնաբանել։

Ինչ վերաբերում է ոստիկանության երեկվա և դրան նախորդած օրերի գործողություններին ու վարքին, ցավով եմ ասում, իշխանությանը հաջողվեց ոստիկանության այդ բավականին մեծ զանգվածի վերածել շնագայլերի ոհմակի, այլ բան չեմ կարող ասել։ Երբ Մարտական խաչի գնդապետին ու ասպետին գցում են գետնին, ոտքով հարվածում ու թքում են վրան, հայհոյելով նրա կոչումը, ստացած մարտական խաչը, ուրիշ ի՞նչ կարելի է ասել»,- եզրափակեց Գագիկ Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր