211652_close_icon
views-count1256 դիտում article-date 17:50 27-05-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության  համար։

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ, անհրաժեշտ նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։

Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները։  
 
 

Նմանատիպ նյութեր