211652_close_icon
views-count1807 դիտում article-date 20:26 26-05-2022

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

 

Նմանատիպ նյութեր