211652_close_icon
views-count44413 դիտում article-date 13:54 29-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Դավթաշենում՝ Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Կարեն Կարապետյանի և Վարդան Ամալյանի անվան դասասենյակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած.
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
 Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Երեկ՝ մայիսի 28-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում տեղի ունցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Կարեն Կարապետյանի, Վարդան Ամալյանի անվան դասասենյակի բացումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների հերոսներ, հերոսածին մայրեր:

Դասասենյակի բացումից հետո հոգևոր հովվի կողմից այն օծվեց, ապա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Օր հիշատակի և խոնարհումի. ընդհատված թռիչք» խորագրով  հուշի մեծարման երեկո՝ նվիրված 2 լեգենդ դարձած զինվորներին, ովքեր սովորել և ավարտել են այդ դպրոցը:

Հուզիչ էր Կարենի քրոջ Տաթևիկ Կարապետյանի և մեկ այլ լեգենդ Դուշման Վարդանի քրոջ, Արմինե Ստեփանյանի, ինչպես նաև Կարենի դասընկերներ, 44-օրյա պատերազմի մասնակիցներ զինծառայող Արամ Գալստյանի և կամավորական Կարեն Հովհաննիսյանի խոսքերը: 

Խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Վիոլետտա Բեջանյանը:

Վերջում խոսքով հանդես եկավ լեգենդ դարձած հերոս Վարդան Ամալյանի հայրը՝ սիրված ու ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանը:

Կարենի զինակից ընկերներն էլ ասում էին. «Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր որդին պարբերաբար նույն երազն են տեսնում, որ Կարենը սպանված է և թաղված է Մարտունի-2 դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ: Անընդհատ նույն երազն ու նույն ծառը:

Մարտի 18-ին Կարմիր Խաչի, խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին:

Եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր: Ո՞վ էր թաղել Կարենին, ոչ ոք չգիտի: Շշմելու էր»:

***
Վարդան Դավիթի Ամալյանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Երևանում: Ամալյանների երգահան–երգիչ Դավիթի, երգչուհի Արմինեի ընտանիքում, ցնծություն էր, երգերով, կենացներով լեցուն տոնախմբություն... Վարդանն էր ծնվել իր պապի՝ Դուշման Վարդանի անվանակիցը:

Պադգամը չուշանալով..... մեկ օրական Վարդանի համար հայրը գրեց «Օրօրոցայինը»՝ 

Քե՛զ, մանչո՛ւկս, կոչեմ Վարդան
Պատվին մեծ այրի,
Թող քեզ համար դառնա պատգամ
Կոչն Ավարայրի:
Երգը շարունակ հնչեց ու կհնչի Վարդանի մոր Արմինեի շուրթերից:

2006 թ-ին հաճախել է Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցը: Ընդունվեց Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց դաշնամուրի բաժին:

Մասնագիտությունընտրելիս չէր կողմնորոշվում, բայց հոր առաջարկը չմերժելու համար ընդունվեց Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ռեժիսորայի բաժինը, սակայն զբաղված էր նաև բռնցքամարտով: 

2019թ. հուլիսի 30-ին զորակոչվեց զինվորական բանակ ծառայության: Սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Մասնակցել է թեժ մարտերին, մոտ 20 օր մարտնչել Հադրութի պաշտպանության համար, այնուհետև մարտերը շարունակվել են Քարին տակի գյուղում, հետո՝   Շուշիում:
Մի քանի անգամ կարողացել են դուրս գալ շրջափակումից, թշնամուն պաճառել են մեծ կորուստներ, արժանացել են հրամանատարության խրախուսումների:

Նոյեմբերի 7-ին, ավաղ, Վարդանն ու իր ընկերները շրջափակման մեջ են ընկնում, չեն նահանջում և միմյանց չեն լքում, ընդառաջեն գնում թշնամուն ու .... զոհվում:

 ******
Կարեն Ղազարի Կարապետյանը ծնվել է 2001թ-ի նոյեմբերի 6-ին՝ Երևանում: Կարապետյանների ընտանիքը Դավթաշեն համայնքում հայտնի է իր բարի համբավով և դաստիարակված զավակներով: Բազմազավակ ընտանիքի բոլոր երեխաները դաստիարակված են քրիստոնեական արժեքներով:

2007թ.-ին ընդունվել է  Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց: Իր ուսումնառության տարիներին եղել է սիրված՝ թե՛ ուսուցիչների, թե՛  դասընկերների կողմից:
2016թ-ին ավարտելով հիմնական դպրոցը՝  Կարենը ընդունվում է Երևանի Զարդարվեստի պետական քոլեջ, որտեղ ևս ակտիվ մասնակցություն էր ունենում բոլոր միջոցառումներին ու ցուցահանդեսներին: Զարդարվեստի քոլեջում պատմում էին, որ Կարենը նաև երգում էր:

2020թ. հունվարի 17-ին Կարենը զորակոչվեց հայոց բանակ: Ծառայում էր պարտքի վեհ զգացումով, պատվով, ինչպես վայել է հայ տղամարդուն: Ծառայում էր Արցախի Մարտունի 2-ում: Սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Պատերազմի սկսելուց մեկ ամիս հետո՝  հոկտեմբերի 27-ին, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Գիշերը ազերիները վերսկսեցին հարձակումը: Տղաները չերկնչեցին ու կռվեցին մինչև վերջ: Ցավոք, մարտը դարձավ վերջինը նրանցից շատերի, այդ թվում՝ Կարենի համար:

Կարենը զոհվեց, զոհվեց 2022թ. հոկտեմբերի 28-ին՝ Դլեղարդար սարի վրա:  Զոհվեց հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու մեր խաղաղ երկնքի:


Լուսանկարները և տեսանյութը՝   Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր