211652_close_icon
views-count2075 դիտում article-date 14:08 30-05-2022

Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա, չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան. News.am

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am-ը։

«Սադրանքների, ստեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց  վզին, որոնք այդ սադրանքը  կազմակերպում են: Մենք հետ չենք գնալու, եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա:

Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք: Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք: Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, երբ պատգամավորներին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել շենք: Ուժեղ հրմշտոց սկսեց, մի քանի քաղաքացիներ թեթեւ վնասվածքներ ստացան, ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ: Բացի այդ, ոստիկանները քարշ տալով ու ձեռքերն ոլորելով հեռացրին պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Կարմիր բերետավորներն էլ բիրտ ուժի գործադրեցին պատգամավոր Արամ վարդեւանյանի նկատմամբ՝ ձեռքով սեղմելով պարանոցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:

Նմանատիպ նյութեր