211652_close_icon
views-count1237 դիտում article-date 09:13 02-06-2022

Ամեն անգամ ՀՀ-ի կողմից հետքայլին հաջորդում է Արդբեջանի սադրանքը և ռազմատենչ ելույթը․ շատ սխալ հետքայլ է արվել․ նախկին ՔՊ-ական պատգամավոր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

-Հայաստանի վարչապետի հետ մոտ մեկ շաբաթ առաջ՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը դրական էին որակել, Ադրբեջանի նախագահն այսօր (երեկ-խմբ.) հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Նախ կարեւոր եմ համարում արձանագրել, որ մինչ Բրյուսելում ընթանում էր եռակողմ հանդիպումը, Ադրբեջանն ու Թուրքիան միասնաբար, համատեղ զորավարժություններ էին անցկացնում Կարսում: Դրանից հետո՝ մայիսի 26-29-ը, Ադբեջանում տեղի ունեցավ «Տեխնոֆեստ Ադրբեջան 20-22»-ը, որին մասնակցում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այդ միջոցառման շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ու ելույթներ տեղի ունեցան, որտեղ եւս մեկ անգամ երկու կողմերից՝ ե՛ւ Արդբեջանի, ե՛ւ Թուրքիայի կողմից շեշտվեց, որ իրենք տարածաշրջանում հարցերը լուծելու են միասնաբար: Նշեմ, որ Բրյուսելից անմիջապես հետո, երբ տեղի ունեցավ սահմանազատման հանձնաժողովի առաջի նիստը, Ադրբեջանը գնաց հերթական սադրանքի, որի հետեւանքով մենք զոհ ունեցանք: Դրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի ելույթը, որտեղ հերթական ռազմատենչ հայտարարություններով, տարածքային նոր նկրտումներով էր հանդես եկել: Ուստի այն տրամաբանությունը, որ իշխանությունը փորձում է ներկայացնել հանրությանը, թե շարունակական զիջումների գնալով, Բաքվին չբարկացնելով՝ կարող ենք կայուն իրավիճակ ապահովել, որեւէ քննություն չի բռնում:

Ամեն անգամ Հայաստանի կողմից հետքայլին հաջորդում է Արդբեջանի հերթական սադրանքը եւ ռազմատենչ ելույթը: Ինչ վերաբերում է Արդբեջանի նախագահի ձեւակերպումներին՝ կապված հետագա բանակցային գործընթացի հետ, ապա կարծում եմ, ամեն դեպքում, ըստ պաշտոնական Երեւանի, խոսել են կարգավիճակի մասին: Իսկապես շատ սխալ հետքայլ է արվել ազգերի ազատ դիրքորոշման իրավունքից, հենց սա էլ էլ գործիք դարձել Բաքվի ձեռքին՝ ասելու, որ չի կարող քննարկվել կարգավիճակի հարց: Ի տարբերություն Երեւանի, որը հայտարարում է, որ փորձում է զատել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները բուն ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցից, Արդբեջանի նախագահը բաց տեքստով ասում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցը պետք է հանգեցնի Հայաստանի կողմից Արցախն Արդբեջանի կազմում ճանաչելուն:

-Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հնարավոր bոլոր ձեւերով հերքում են այդ հանգամանքը: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, ի՞նչ է լինելու այս հարցի հետ:

-Շառլ Միշելը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել՝ այս մեկնաբանությունների հետ կապված, եւ արձանագրել էր, որ հանդիպման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չեն ներկայացվել: Նա նման շահարկումները համարել էր ցավալի: Դրանով հանդերձ Ադրբեջանի նախագահը երեկ եւս, անդրադառնալով Եվրոպա հնարավոր գազամատակարարման ծավալների մեծացմանը, անդրադարձել էր «Զանգեզուրի հնարավոր միջանցքին»՝ նշելով, որ ուղի է իրենց համար, որպեսզի կարողանան քննարկել դեպի Եվրոպա գազի ծավալների մեծացման հարցը: Այսինքն՝ այդ հարցն Ադրբեջանը շարունակաբար պահելու է իր օրակարգում եւ փորձելու է մանեւրել դիվանագիտական սեղանի շուրջ: Եթե դա չստացվի, չի բացառվում իրենց կողմից ռազմական սցենարի կիրառումը: Իհարկե, ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցի հետ կապված դիմադրություն կա հայկական կողմից, բայց ինչպես միշտ, չկան հաշվարկներ, չկա գիտակցում, թե որքան հեռու կարող է Բաքուն գնալ, համարժեք քայլեր չեն ձեռնարկում: Նույնիսկ եթե դրանք կան, առնվազն տեսանելի չեն»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր