211652_close_icon
views-count1274 դիտում article-date 16:40 05-06-2022

Գյումրիում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը. իրականացվեց  ծառատունկ

 Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա խորհրդով պայմանավորված, հունիսի 5-ին Գյումրու դպրոցներում իրականացվեց  ծառատունկ ու բարեկարգում: Ինչպես տեղեկացնում  է  «Արմենպրես»-ը՝ «Հայկական Կարիտաս»-ը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում, Գյումրու թիվ 20, 23  և 30 դպրոցների հետ համագործակցության արդյունքում դպրոցներին տրամադրել է դեկորատիվ ծառեր և վարդի թփեր:

«Շրջակա միջավայրի պահպանությունը բոլորիս խնդիրն է: Հատկապես կարևոր է, երբ դպրոցահասակներն են հոգ տանում իրենց շրջակա միջավայրի մասին: Կրթված սերունդը կօգնի, որպեսզի մենք ունենանք ավելի լավ միջավայր: Կարևոր է նաև այն, որ երեխաները ոչ միայն  բարեկարգեն իրենց տան ու դպրոցի բակը, չաղտոտեն, իրենց ձեռքերով տնկեն ծառերը, այլ նաև հոգ տանեն յուրաքանչյուր ծաղկի ու թփի համար. հենց դա է պատճառը, որ, թիրախավորելով դպրոցները, աշխատանքներն իրականացրեցինք դպրոցների բակերում՝ ներգրավելով ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին»,- նշեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օրվա խորհրդով պայմանավորված դպրոցներին տրամադրվել է 16 դրախտանոճի և 300 վարդի թուփ:

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:
Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Կարիտաս Գերմանիայի և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում:

Նմանատիպ նյութեր