211652_close_icon
views-count3593 դիտում article-date 23:28 10-06-2022

Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը շատ վատն է, եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ապա չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարը կկարողանա մտնել իր տուն. Մովսես Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու, աշխարհում այդպես է։ Այս մասին Tert.am-ի տաղավարում՝ «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով ՊՆ նախագծին, համաձայն որի՝ բարեփոխումներ են արվում և փոփոխություն է կատարվում նաև գլխավոր շտաբի պետի պաշտոնի վերաբերյալ, Մովսես Հակոբյանն ասաց, որ այդտեղ դրական և բացասական կետեր կան․ դրականը՝ բնակարանների լուծման հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքացիական կազմակերպությունների ներգրավմանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Որպես զինվորական ասեմ՝ արգելվում է, որ զինվորի խրամատը, բացի իրենից, որևէ մեկը փորի, իմ խրամատը ես պետք է փորեմ իմ ձեռքով՝ ինձ հարմար կռվելու համար։ Ինչ վերաբերում է սննդին, ապա 44–օրյա պատերզմում դա չի աշխատել և աշխարհի որևէ բանակում չկա նման բան, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կազմակերպությունը կարողանա ապահովի թիկունքային և տեխնիկական ապահովում»։

Ինչ վերաբերում է ԳՇ պետին, ով, ըստ նախագծի, պետք է լինի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, սակայն չի կարողանալու փոխարինել նրան, Մովսես Հակոբյանն ասաց, որ ձևակերպումները հստակ չեն․«Այս նախագիծը անհասկացվածություն է ստեղծելու, էլի մենք ունենալու ենք մեղավորներ, բայց ոչ պատասխանատուներ, չորս անգամ նայել եմ փաստաթութղը, անհասկանալի է, թե ով է ղեկավարելու բանակը, բանակը թողել են անգլուխ»։

Ինչ վերաբերում է դեմարկացիա–դելիմիտացիային, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիր կա․ փաստաթուղթը հավելված է ունենալու, և իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր պատրաստ չեն ստորագրել դա․ «Եվ՝ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու»։

Ինչ վերաբերում է  2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթին ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Արցախի հարցն ընդհանրապես ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9–ին՝ ժամը 18։00–ին։ Բանակցություն այդ հարցով չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ–ում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով»։

Դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում, որ Արցախի հարցը լուծված է, այսինքն Արցախը չունե՞նք, Մովսես Հակոբյանն ասաց․«Չեմ կարող արտահայտվել, ցավալի է ինձ համար»։

«Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը մաս–մաս իրագործվում է և տեղեկացվում, որովհետև փաստաթուղթը շատ վատն է, որովհետև եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ես չեմ կարծում, որ Հայաստանում երկրի ղեկավարը կկարողանա մտնել իրենց տուն»,–ասաց նա։

Սահմանային հարցերով հանձնաժողովի վերաբերյալ հարցին, և իշխանության նշածին, թե էական չէ՝ ովքեր են հանձնաժողովում, այդ հարցերը քննարկվում են գերատեսչություններում, Մովսես Հակոբյանն ասաց․ «Եթե հանձնաժողովի կադրերն իրենց համար նշանակություն չունեն, կստանաք նոյեմբերի 9–ի երկրորդ փաստաթուղթը»։

Նա նշեց, որ պետք է չխաբել ժողովրդին ու անկեղծ լինել, ասելով, որ մեր վիճակն իրականում այդքան էլ լավ չէ։

Այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր