211652_close_icon
views-count2590 դիտում article-date 10:39 16-06-2022

Արցախում տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ ԱՀ արտակարգ իրավիճակների վարչության տարածած տեղեկատվության` հատկապես էական վնաս են կրել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Իվանյան, Հովսեփավան, Լուսաձոր, Խնածախ, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Հաթերք, Զագլիկ, Գետավան, Չափար համայնքները, որտեղ կարկուտի շերտը 3-5 սմ-ի է հասել: Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, կարկտահարությունից առանձնապես տուժել են պտղատու այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը, զգալիորեն վնասվել են ջերմոցային տնտեսությունները:

Եթե մենատնտես Գրիգորի Բաբայանի խոսքով, ով հիմնականում զբաղվում է ձմերուկի եւ սոխի աճեցմամբ, վնասվել է ցանքատարածքների գրեթե 80 տոկոսը, ապա այգեգործ Ռոբերտ Առուշանյանի հաշվարկմամբ՝ աղետի պատճառած վնասը 70 տոկոսի է հասնում, ինչի մասին է վկայում ծառերի տակ կուտակված կարկտախառն պտուղների հաստ շերտը:

Շրջվարչակազմերին կից ստեղծված աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվում են կարկտահարությունից տուժած դաշտերի եւ այգիների վնասների չափերը: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանի հավաստմամբ՝ ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն կառավարությունում, եւ աղետից առավել տուժած համայնքների բնակիչներին ու մենատնտեսներին համապատասխան օգնություն կցուցաբերվի:

Ուժեղ քամին եւ կարկտախառն սելավը հիմնահատակ հողին են հավասարեցրել բերքառատ այգիներն ու բանջարանոցները, ցորենի արտերը: Ու դա այն դեպքում, երբ հաշված օրեր էին մնում հնձին: Իսկ բանջարեղենի հարուստ բերքն ուղղակի աննախադեպ էր… Հողմահար են արվել ու գետնին տապալվել բազմաթիվ ծառեր, էլեկտրական հենասյուներ, փլվել կամուրջներ, տանիքներ, առանձին բնակավայրերում վթարվել ու շարքից դուրս են եկել գազատար խողովակները: Սելավը քշել-տարել է հարյուրավոր ընտանի կենդանիներ եւ թռչուններ, մեծ վնաս է հասցվել կիսակառույց շինություններին: Տեղացած կարկուտը հավի ձվի չափ էր․․․»

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր