211652_close_icon
views-count940 դիտում article-date 11:47 28-06-2022

Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը ՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը: 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։

Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։

Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։

Արարատ Միրզոյանը նաև կարևորել է  Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։

Նմանատիպ նյութեր