211652_close_icon
views-count660 դիտում article-date 10:31 30-06-2022

Ի՞նչ կլինի «Հետսովետից» հետո․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամեն անգամ, երբ տեղի է ունենում հեղափոխություն, ինչ-որ մի ժամանակաշրջան «հինը եւ նորը» ապրում են կողք-կողքի: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հասարակարգերի հայտնի փոփոխությունների մասին է, այլ հոգեւոր, տեկտոնիկ տեղաշարժերի: Օրինակ, երբ Քրիստոնեությունը փոխարինում էր հեթանոսությանը: Կամ, երբ բողոքականությունը կռիվ էր տալիս կաթոլիկության դեմ, որն այդ պարագայում կարողացավ ապացուցել իր պատմական կենսունակությունը: Ոչնչացնե՞լ հինը (ասենք, անտիկ շրջանի փիլիսոփաների գործերը՝ համարելով դրանք հեթանոսական), թե՞ վերցնել դրանք ապագա կյանքի համար՝ ինչպես եւ, ի վերջո, արեցին քրիստոնեական հեռատես մտածողները: Նաեւ, ի դեպ, արաբները, որոնց թարգմանությունների շնորհիվ պահպանվել էին, մասնավորապես, Արիստոտելի շատ գործեր, ինչով նրանք մեծ ծառայություն մատուցեցին Եվրոպայի հոգեւոր կյանքին: Տրամաբանական է, որ այս հարցերում ավելի գերադասելի է զգուշավոր պահպանողական մոտեցումը:

Հիմա էլ մենք, խոշոր հաշվով, հեղափոխական շրջանում ենք ապրում: 1991 թվականին քանդվեց Սովետը, եւ սկսվեց «Հետսովետը»՝ կոռուպցիայով, կեղծված ընտրություններով, իշխանությունների ամբարտավանությամբ, իրենց հարստության վրա զարմացած օլիգարխներով: 2018 թվականին «Հետսովետը» չքանդվեց, բայց ուժեղ հարված ստացավ եւ խորը, անվերականգնելի ճաքեր տվեց:

Խոսքը ներկա իշխանությունների կասկածելի որակների մասին չէ: Անկախ այդ որակներից՝ ակնհայտ է, որ հասարակության զգալի մասը, հատկապես նրանք, ովքեր 40 տարեկանից ավելի երիտասարդ են, չեն ուզում ապրել «Հետսովետի» պայմաններում, եւ դրա մասին միանշանակորեն հայտարարել են 2018-ին: Խոսքը նաեւ «ներկաների եւ նախկինների» մասին չէ, երկուսի մեջ էլ առկա է մերժելի հինը, այսինքն՝ «Հետսովետը»: Բայց ներկա իշխանությունը եւ ներկա ընդդիմությունը այսօր կան, վաղը՝ չկան: Եթե նայենք պատմական գործընթացին՝ կիրառելով փոքր-ինչ ավելի մեծ մասշտաբ, կարելի է ասել, որ «Հետսովետը» հեռանում է՝ իր տեղը զիջելով հասարակության կազմակերպման ինչ-որ նոր ձեւի:

Թե ինչպիսին կլինի այդ ձեւը՝ առայժմ դժվար է ասել: Շատ բան կախված է նրանից, թե ինչ ենք մենք հետներս վերցնելու այդ անորոշ ապագայի համար: Պարզ է, որ կոռուպցիան եւ մնացած վերը թվարկած արատները չենք ուզում վերցնել: Բայց անցյալում եղած ամեն ինչ մերժելը, այն ամենը, ինչ ստեղծվել է, փորձարկվել է 1918 թվականից ի վեր, դեն շպրտելը, նույնպես սխալ կլիներ: Անցումային շրջանում պետության ինստիտուցիոնալ հիշողությունը խիստ կարեւոր է: Նման մոտեցումը ներկա իշխանության համար խորապես խորթ է, եւ դա բացատրելի է: Նրա վարկանիշը հիմնված է ներկայիս ակտիվ ընդդիմության հակավարկանիշի վրա: Բայց, բացի այդ մարտավարական մոտեցումից, կա նաեւ ռազմավարական մտածելակերպ, որը, կրկնեմ, պետք է լինի, չափավոր պահպանողական»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր