211652_close_icon
views-count810 դիտում article-date 12:37 30-06-2022

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է ՀԲ ծրագրերի ղեկավար Ելենա Տիմուշևային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ: ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել. «ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: Մենք ողջունում ենք ՀԲ-ի նախաձեռնությունը՝ ՀԲ-ԵՄ հավատարմագրային հիմնադրամի Պետական-մասնավոր գործընկերության բաղադրիչին աջակցելու նպատակով, և կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, և նմանօրինակ առաքելությունների նշանակությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ»:


ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախագծված ծրագրերից մի քանիսը:

Ելենա Տիմուշևան բարձր է գնահատել ՀԲ առաքելությանը ՀՀ պետական գերատեսչությունների աջակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն արդյունավետ և նպատակային կլինի:

«Առաքելության հիմնական նպատակներն են խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ՊՄԳ զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները բացահայտելու և Հայաստանում ՊՄԳ հնարավորությունների պահանջարկը գնահատելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՄԳ ստորաբաժանումում և այլ ճյուղային նախարարություններում աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների հաջորդ քայլերը համաձայնեցնելու համար»,- ասել է Ելենա Տիմուշևան և հավելել, որ ՊՄԳ ծրագրի շրջանակում պետական գերատեսչությունների համապատասխան օղակների միջոցով նախատեսվում է տեխնիկական աջակցություն ցույց տալ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում գործող կառույցներին:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիր, ուստի մեծ հետաքրքրություն կա մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու առումով:

Նմանատիպ նյութեր