211652_close_icon
views-count1827 դիտում article-date 20:18 06-07-2022

Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով

Հարգելի՛  պարոն նախարար, 

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  իմ գործընկեր Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։ 

Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը, համոզված եմ՝ լավ առիթ է՝ վերարժևորելու մեր երկու երկրների միջև հարաբերություններում առկա ներուժը և նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխշահավետ համագործակցությանը: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այսօրվա այցը ՀՀ արտգործնախարարի երկկողմ օրակարգով առաջին այցն է Իսպանիա։

Ցանկանում եմ նաև գոհունակություն հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական  հարաբերությունների հետագա ակտիվացման համար։ 

Հարգելի՛ ներկաներ,

Հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր առնչությունների, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Այս համատեքստում ուզում եմ շեշտել, որ 2018թ.-ին և 2021թ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը միանշանակ ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, և Կառավարությունն էլ ամբողջ թափով կյանքի է կոչում մեր ժողովրդի կողմից հավանության արժանացած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Այսօր մեր քննարկումների ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալները շատ մեծ չեն, ուրախալի է, որ 2021թ.-ին, օրինակ, 2020թ.-ի համեմատ ունեցել ենք 36% աճ, իսկ 2022թ. առաջին չորս ամիսների ծավալները 2021թ․-ի համեմատ աճել են գրեթե երեք անգամ:

Կարևորել ենք նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ստեղծարար կրթության և մի շարք այլ ոլորտներում համատեղ հավակնոտ ծրագրերի իրականացումը։ Հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ եմ համարում հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք, ինչը հայկական պետական Գեոկոսմոս և իսպանական Սատլանտիս ընկերությունների  առաջին հաջողված, ու համոզված եմ, ոչ վերջին, համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է:

Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է և այս առումով մենք մտքեր ենք փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հարգելի՛ գործընկերներ,

Բնականաբար, անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի: Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝  տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։

Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։

Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին: Խոսել ենք Ադրբեջանում ցայսօր պահվող հայ  ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։ 

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ 

Այսքանով, թերևս, կեզրափակեմ խոսքս։ 

Պարոն Ալբարես, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, և օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ պաշտոնապես Ձեզ հրավիրել Հայաստան: 

Շնորհակալ եմ։ 

Նմանատիպ նյութեր