211652_close_icon
views-count1434 դիտում article-date 10:49 09-07-2022

Արևելք-Արևմուտքը չպետք է հակադրել Հյուսիս-Հարավին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ուներ իր հստակ ուղերձները՝ Հարավային Կովկասի հետպատերազմյան աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում: Երեւանում նա պաշտոնի բերումով կրկնեց Իրանի բարձրագույն ղեկավարի՝ արդեն բազմիցս հրապարակած դիրքորոշումներն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ու զարգացումների վերաբերյալ:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որեւէ փորձ, եւ նշել, որ իր երկիրը եւս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման շրջանակներում:

Ալի Շամխանիի այցը փաստեց, որ Իրանը վճռական է տրամադրված Հայաստանով անցնող Հարավ-Հյուսիս տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղու զարգացման ուղղությամբ, որի զգալի մասն անցնելու է Հայաստանի տարածքով: Ադրբեջանը եւ Թուրքիան այս փուլում չեն ուզում ցույց տալ իրենց անհամաձայնությունն այս նախաձեռնությանը՝ սահմանային կրակոցներով հիշեցնելով, որ տարածաշրջանում իրենք էլ կան, սակայն վաղ թե ուշ ստիպված են լինելու համակերպվել տարածաշրջանային հաղորդակցության այս ուղու գործարկման հետ եւ ավելի ճիշտ կանեն այն չհակադրել Արեւելք-Արեւմուտք հաղորդակցության ուղուն, այլ համադրելու եզրեր փնտրեն տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության շրջանակներում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր