211652_close_icon
views-count4469 դիտում article-date 13:16 10-07-2022

Կառավարությունը տեր Աստվածը չէ, որ ինքնակամ որոշում կայացնեն, սա սահմանադրության կոպտագույն խախտում է. հնագետ

Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու  Գագիկ Ծառուկյանի եւ կառավարության նախագիծը  Հատիս լեռան վրա Հայաստանի հուշարձանների պահպանության կոպտագույն խախտում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

«Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու Գագիկ Ծառուկյանի եւ կառավարության նախագիծը Հատիս լեռան վրա Հայաստանի հուշարձանների պահպանության կոպտագույն խախտում է:  Հայաստանի կառավարությունը իրավունք չուներ հավանություն տալու, առանց համապատասխան պրոցեդուրաների: Եթե որեւէ գործունեութուն է ծավալվում, որը ենթադրում է լանդշաֆտի փոփոխություն, այն անպայմանորեն պետք է անցնի հնագիտական ստուգում, նոր այդ ստուգման հիման վրա տրվում է համապատասխան եզրակացություն, արվում է նախագիծ, նոր կառավարությունը կարող է անդրադառնալ այդ հարցին:Կառավարությունը  տեր Աստվածը չէ, որ որեւէ մեկին ոչինչ չհարցնելով ինքնակամ որոշում  կայացնեն, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է, դա ինքնավարաչաչարություն է, որը սազական չէ իշխանություններին»,-ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ այս պահին իրենք ակտիվ աշխատում են, օրենսդրական հղումներն են պատրաստում, դիմել եմ ակադեմիական կազմակերպություններին եւ առաջարկել է գիտական խորհրդի  նիստ անցկացնել այսդ հարցով: 

«Դա եզակի հուշարձան է եւ զավեշտն այն է, որ այդ հուշարձանը հանրապետական հուշարձանների ցանկում ընդհանրապես չկա, լավ, եթե նույնիսկ չկա, բայց դա չի նշանակում, որ եթե հուշարձանների ցանկում չկա, վարվեք ոնց կամենում ենք, եթե հուշարձանների ցանկում չկա, դա նշանակում է համապատասխան ընթացակարգով ստուգումներ անցկացնել, եթե կարիք  կա հետազոտություն անել, եթե այդ հետազոտությունը պարզի, որ այդ հուշարձանը ունիկալ է, այդտեղ չի կարելի տնտեսական կառուցապատման որեւէ գործունեություն ծավալլե, դա շատ հստակ է»,- ասաց նա: 
Հնագետ Համլետ Պետրոսյանը ասաց, որ Հատիսի հնագիտական արժեքը կայանում է նրանում, որ այն բրոնզեդարյան հուշարձան է չորս շարվածքով եւ շատ մեծ տարածք է զբաղեցնում` 4-5 հա, եւ ամենակարեւորը, որ դա ուսումնասիրված չէ:

«Ցանկացած մարդ, որ նայի, կտեսնի, որ այստեղ մեծ պալատներ կան, մեծ շենքեր կան, պարիսպներ կան, պաշտպանական հզոր համակարգ կա, այնպես չի, որ մի փոս են փորել ու մի բան են գտել: Այս աշխատանքների հետեւանքով այս ամենը  ոչնչանալու է, ինձ ասացին, որ ոչ թե հարթեցրել են տարածքը, այլ հող են լցրել, ինչը ավելի վատ է»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` իշխանությունները էականորեն շեղվում են մեր մշակույթի ավանդական արժեքներից: 

«Ինչու ենք մենք ասում խաչքարը ունիկալ է, ու չենք թարգմանում այլ լեզուներով, քանի որ հայերը դարեր շարունակ Քրիստոսին տեսել են խաչի մեջ, մեր մշակույթի յուրօրինակությունն է, որ ավելի նշանային է, քան պատկերային է եւ միանշանակ է, որ  չի կարելի թույլ տալ, որ որեւէ մեկը անկախ իր դիրքից եւ ազդեցությունից այս արժեքների վրա այսպսիիս ստվեր ձգի, դա խեղաթյուրում է մեր պատկերացումները, որոնք չեն ենթադրում որեւէ  արձանի տնկում,դա կաթոլիկ եկեղեցու ավանդույթ է»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանը հայտարարեց, որ հնագիտական հանրույթի եզրակացությունը միանգամայն բացասական է այս նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ 2528 մ բարձրությամբ Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: 
Ծառուկյանի խոսքով` հուշարձանային համալիրի տարածքում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն ցուցանմուշներ՝ կապված Քրիստոսի կյանքի, ծննդյան և հարության հետ։

Նշենք, որ մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից։

Հիմնարկեքի արարողությանը ներկա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ  հայտարարեց, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հուշարձան համալիրի կառուցումը զբոսաշրջային մեծ նախագիծ է, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի դրա իրագործմանը։

Նմանատիպ նյութեր