211652_close_icon
views-count2190 դիտում article-date 18:42 12-07-2022

Հատիսը գմբեթաձև հրաբուխ է. ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը՝ Հիսուսի արձանի տեղադրման մասին

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է.
 
«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է,  Հայաստանի տարածքի չորրորդական  հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։
  
ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա  են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։
 
2. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական  հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած  շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։ 
 
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։
  
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և
հասարակայնության հետ
կապերի բաժին

12.07.2022թ.
 

Նմանատիպ նյութեր