211652_close_icon
views-count876 դիտում article-date 11:47 14-07-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում։

Այդ համագործակցության շրջանակում հատկանշական է համարվել ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակում 46 դպրոցների շենքերի ամրացման և հիմնական նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Փոխվարչապետն այն որակել է օգնող բաղադրիչ՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությանը։

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նաև ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հարցում, մասնավորապես, այնպիսի առանցքային ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» և «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը։

Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և արդյունավետ գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և քննարկել համագործակցության նոր հեռանկարները։

Նմանատիպ նյութեր