211652_close_icon
views-count585 դիտում article-date 16:55 14-07-2022

Մայրաքաղաքի համայնքային բուժհաստատություններն ամփոփել են 2022թ․-ի առաջին կիսամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցերեկային ստացիոնարը Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում է: Կես տարի առաջ բացված ծառայությունն այսօր հնարավորություն է տալիս բնակչությանը, օրինակ, երակային ներարկում ստանալու համար չհասնել հիվանդանոց: Ծառայությունը գործում է նաև քաղաքի 2 այլ պոլիկլինիկայում:

«Այս տարվա առաջին վեց ամիսներին ավելի քան 200 քաղաքացի է սպասարկվել: Նրանցից յուրաքանչյուրը ծառայություններից օգտվել է մի քանի անգամ»,- ասում է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 30 բուժհիմնարկ՝ պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար քաղաքային իշխանությունը մշակում է տարեկան ծրագրեր: Ինչքանո˚վ են դրանք կատարվում, ի˚նչ է նախատեսվում ու ի˚նչ հիմնախնդիրներ կան: 2022թ.-ի առաջին վեց ամիսները համայնքային առողջապահական կազմակերպություններն ամփոփում են հաշվետվությամբ:
Ք
աղաքապետարանում հրավիրված հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, ավագանու անդամներ:

Ընդգծելով ոլորտում առկա խնդիրները՝ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ քաղաքային իշխանությունն այսօր հաստատակամ է իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ համակարգված լուծումների հասնելու համար:

«Գաղտնիք չէ, որ պոլիկլինիկաներում հիմնականում, եթե ծանոթ բժիշկ չեն ունենում, առաջինը գնում են հիվանդանոց, այսինքն՝ պոլիկլինիկաների նկատմամբ վստահության խնդիր կա: Նպատակ ունենք, որպեսզի պոլիկլինիկաների դերն ավելի բարձրացնենք ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ անենք»,-նշում է քաղաքապետը:

Կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են կատարված աշխատանքները, անդրադարձել նաև բացթողումներին ու թերակատարումներին:

«Ունենք մի քանի հավատարմագրային կառավարման հանձնված բուժհաստատություններ, որոնց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Այս մասով պայմանագրային հարաբերությունները հետագայում հնարավոր է՝ վերանայվեն»,-ընդգծել է Գևորգ Սիմոնյանը և հավելել՝ այս ձևաչափով հանդիպումներն ու հաշվետվողականությունը լինելու են շարունակական:
Շենքային վատ պայմաններ, հնամաշ բուժսարքավորումներ, նեղ մասնագետների պակաս. սրանք առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներն են:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները քաղաքապետարանն արդեն սկսել է: Երևանի մի շարք պոլիկլինիկաներ համալրվել են թվային նոր ռենտգեն սարքերով: Այս տարի այդ նպատակին կուղղվի ընդհանուր 230 մլն դրամ:

«ԵՄ հետ բանակցում ենք մոտ 38 մլն եվրոյի վարկային միջոցներ ներգրավելու համար, որը կուղղենք 4 պոլիկլինիկայի կապիտալ նորոգմանը: Բացի այդ, նաև համայնքային բյուջեով գումար ենք նախատեսել այս տարի 2 պոլիկլինիկա հիմնանորոգելու համար: Զուգահեռ քննարկում ենք տեխնիկայով վերազինման խնդիրը»,-ընդգծում է քաղաքապետը:

Շենքային ու համակարգային բարեփոխումներ են սպասվում նաև շտապբուժօգնության ծառայությունում:

Առողջապահության ոլորտում քաղաքային ծրագրերի նպատակն է ապահովել ոչ միայն որակյալ, այլև մատչելի և հասանելի բուժծառայություններ: Քաղաքապետարանը վստահ է՝ արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է ընդլայնել ֆինանսական հնարավորություններն ու իրականացնել նոր ծրագրեր:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր