211652_close_icon
views-count1629 դիտում article-date 16:44 16-07-2022

Գյումրու «Վարդանանց» հրապարակում մեկնարկեց «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը

Գյումրու  «Վարդանանց» հրապարակում մեկնարկեց «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», փառատոնի շրջանակներում հրապարակում տեղադրված ավելի քան վաթսուն տաղավարներում ցուցադրվում են ժողովրդական արհեստների և արվեստների տարբեր դրսևորումներ և ուղղություններ՝ ասեղնագործություն, գորգագործություն, խեցեգործություն, տիկնիկագործություն: Դրան զուգահեռ ներկայացվում է  հայկական, ռուսական, բելառուսական ժողովրդական երգ ու պար:

Փառատոնին մասնակցում են ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք ներկայացնում են իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր: «Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Գյումրիի զարգացումը միշտ պատկերացրել եմ փառատոնային զարգացումներով՝ պետք է ամրագրված օրեր լինեն, որ քաղաքի բնակիչն ու քաղաք այցելած  հյուրն իմանա, ինչ է այդ օրն իրեն սպասվում: Ունեցել ենք ջազային, ռոք, դասական երաժշտության փառատոններ, սա ժողովրդական է, պարտաստվում ենք ունենալ նաև ժողովրդական երաժշտության փառատոն: Փառատոնային այս զարկերակով ու ռիթմով կարելի է հասկանալ, թե ինչպես է այսօր ապրում մեր քաղաքը»,-ասաց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ:

Նմանատիպ նյութեր