211652_close_icon
views-count735 դիտում article-date 11:08 20-07-2022

Ժողովրդավարությունը պետք է «ժողովրդավար» լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվրամիությունը ստեղծելու է մեխանիզմներ՝ պատժելու համար նրանց, ովքեր վնասում են ժողովրդավարությանը՝ ապատեղեկատվության միջոցով (disinformation against democracy): Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ շեշտելով, որ ապատեղեկատվությունը պատերազմի գործիք է:

Քանի որ այդ հայտարարությունը հնչել է ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, դա կարելի է դիտարկել որպես հրահանգ այդ միջազգային կառույցի բոլոր պետությունների համար: Այսինքն՝ կան երկրներ, որոնք մարմնավորում են ժողովրդավարությունը եւ, մյուս կողմից, կան «մութ ուժեր», որոնք այդ «կրոնը» փորձում են վարկաբեկել: Այդ ուժերի դեմ պետք է պայքարել. «Հիմա մենք նրանց այնպիսի ժողովրդավարություն ցույց կտանք, որ նրանք կիմանան, որ դրան չի կարելի ոչ մի պարագայում վնասել»:

Պարզ չէ, միայն թե ինչ չափանիշներով են որոշվելու՝ տվյալ արտահայտությունը վարկաբեկում է ժողովրդավարությունը, թե չի վարկաբեկում: Ենթադրենք, արեւմտյան մի փիլիսոփա մեջբերում է անում Պլատոնից կամ Արիստոտելից, որտեղ փիլիսոփայության դասականները, մեղմ ասած, վերապահումներով են խոսում ժողովրդավարության մասին: Արդյոք այդ փիլիսոփան պետք է պատժվի: Կամ գուցե հետադարձ ուժով պետք է պատժվեն այն մտածողները, որոնք 25 դար առաջ իրենց թույլ են տվել քաղաքականապես «ոչ կոռեկտ» արտահայտություններ:

Եվ հետո՝ պարզ չէ, թե ինչպես են այդ ապատեղեկատվություն տարածողները պատժվելու: Արդյոք նրանք կենթարկվեն քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության:

Համաձայնեք, դա մի քիչ նման է Ռուսաստանում այսօր կիրառվող օրենսդրությանը, երբ օրենքով արգելվում է նսեմացնել Խորհրդային Միության դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Դարձյալ պարզ չէ, թե ինչում է այդ նսեմացումն արտահայտելու եւ, ըստ էության, դա նշանակում է, որ այդ թեմայով ցանկացած միտք պետք է համաձայնեցվի ռուսաստանյան կացնային քարոզչության մեջ ընդունված ստանդարտների հետ. այն հրապարակումները, որոնք քննչական մարմինների կարծիքով, հակասում են այդ ստանդարտներին, կարող է արգելվել: Պատմական ճշմարտությունն, այդպիսով, որոշվում է քննչական մարմինների կողմից:

Նույնը՝ «հատուկ գործողության ընթացքում ռուսաստանյան բանակը վարկաբեկելու» քրեական հոդվածը: Վերջերս Մոսկվայի շրջաններից մեկի դումայի մի պատգամավոր այդ հոդվածով ստացավ… 7 տարվա ազատազրկում, քանի որ ասել էր, թե պետք չէ անցկացնել մանկական նկարների մրցույթ, երբ ռուսաստանցի տղաները զոհվում են պատերազմում: Մի խոսքով, նման հոդվածները չափազանց ազատ մեկնաբանությունների հնարավորություններ են տալիս:

Ես կողմ եմ ժողովրդավարությանը: Բայց այն ենթադրում է ազատություն եւ հանդուրժողականություն: Ոչ թե պայքար «սխալ կարծիքների» դեմ, եթե նույնիսկ դրանք «ապատեղեկատվություն» են կոչվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր