211652_close_icon
views-count1326 դիտում article-date 10:35 11-02-2022

Ժողովրդավարությունը պետք է նախևառաջ մեզ՝ մեր ներքին և արտաքին խնդիրը լուծելու համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գրականության մեջ հանդիպում են ժողովրդավարության բազմաթիվ տեսակներ՝ «սուվերեն», պլեբիսցիտար, էլիտար (Շումպետեր), պատվիրակային (Օ’Դոնել), մասնակցային (Ֆրոմ) եւ այլն: Ասում են, թե այդ տեսակները 100-ին են հասնում: Հատկապես Կրեմլին մոտ ռուսաստանցի քաղաքագետներն են սիրում այդ թեմայով խոսել. ԱՄՆ-ում մի ձեւի ժողովրդավարություն է, Ռուսաստանում՝ մեկ ուրիշ, Չինաստանում՝ երրորդ տեսակի, եւ ամեն մեկն, այսպես ասած, երջանիկ է իր ձեւով: Տեսականորեն, իհարկե, դեմ չեմ ժողովրդավարությունը տեսակների բաժանելուն, բայց, ինձ թվում է, պետք է լինի ինչ-որ մի չափանիշ, որը թույլ է տալիս տվյալ երեւույթի բոլոր տարատեսակներն անվանել մեկ բառով: Օրինակ, Covid -19-ը ունի տարբեր դրսեւորումներ, բայց կան հատկանիշներ, որոնցով PCR թեստը այդ բոլոր տեսակները նույնականացնում է հենց այդ անունով:

Ինձ համար ժողովրդավարության հիմնական «թեստը» իշխանության վերահսկելիությունն է, դրա թեւերի փոխադարձ հակակշռումներն ու զսպումներն են, այնպիսի մի վիճակ, երբ ողջ իշխանությունը կենտրոնացած չէ առաջին դեմքի ձեռքում: Այդ իմաստով Հայաստանը ժողովրդավարական երկիր երբեք չի եղել: Շատերն ասում են՝ եկեք սահմանադրության մեջ ա՛յս գրենք կամ ա՛յն գրենք, եւ այդ հարցը կլուծվի: Արդեն երեք անգամ տարբեր բաներ գրեցինք, հիմա, կարծես թե, պատրաստվում ենք չորրորդ անգամ գրել, բայց հարցը որեւէ կերպ չի լուծվում: Որովհետեւ ժողովրդավարությունը պայմանավորված չէ թղթի կտորի վրա գրված իմաստուն բառերով, ժողովրդավարությունը մշակույթ է:

Եթե երկրի առաջին դեմքն, ըստ էության, միապետ է, ապա մնացած ոչ ժողովրդավարական դրսեւորումները դրա ածանցյալն են: Միապետը շահագրգռված է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք կատարում են իր քմահաճույքները, նա իր «վեզիրներից» պահանջում է հետապնդել ՏԻՄ մարմինների այն ընտրված ղեկավարներին, որոնք կարող են ինքնուրույնություն դրսեւորել, նա իր «օպրիչնիկների» միջոցով աշխատում է լռեցնել բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են:

Եվս մի կարեւոր հանգամանք, որի մասին համեմատաբար քիչ է խոսվում. միապետն ուղարկում է համալսարաններ ղեկավարելու իր կուսակցական «կոմիսարներին», որպեսզի վերջիններս խոչընդոտեն ակադեմիական եւ կրթական ազատությանը: «Վեզիրները», «օպրիչնիկները» եւ «կոմիսարները», անկախ նրանից, թե ինչպես են նրանք այսօր կոչվում, ոչ ժողովրդավարական մշակույթի տարրեր են:

Այնպես որ՝ ժողովրդավարությունն ամենեւին Հայաստանի «բրենդը» չի: Բայց խնդիրը «բրենդ» լինելը կամ չլինելը չէ: Ենթադրենք, բոլոր ժողովրդավար երկրները, բոլոր միջազգային կամ իրավապաշտպան կազմակերպությունները միաձայն հայտարարում են, որ Հայաստանն աշխարհի համար ժողովրդավարության լավագույն օրինակն է: Ի՞նչ է դա մեզ տալիս: Ժողովրդավարությունն, իմ կարծիքով, պետք է նախեւառաջ մեզ՝ մեր ներքին եւ արտաքին խնդիրը լուծելու համար: Դա գործիք է, ոչ թե «բրենդ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր