211652_close_icon
views-count2646 դիտում article-date 19:04 10-08-2022

Ավելին քան 5 ժամ սպասելուց հետո զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը չընդունեց. զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

news.am-ը գրում է. Ավելին քան հինգ ժամ սպասելուց հետո զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը չընդունեց:

Վահրիդ Սահակյանը ասաց, որ ՊՆ-ից հայտնել են՝ նախարարությունը ի զորու չէ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին կանչել առերեսման:

«Մեզ ասացին, որ Քյարամյան Պավլիկին առերեսման բերելու հարցը քննիչի իրավասության ներքո է: Այս մասով դեռևս կորոշենք մեր հետագա քայլեր: Բայց մենք այստեղ ենք մեր պահանջով: Մենք ցանկանում ենք հանդիպել պաշտպանության նախարարի հետ, քանի որ կան հարցեր,որոնք մեզ հուզում են: Հիմա սպասումենք, թե երբ է Սուրեն Պապիկյանը մեզ ընդունելու»,- ասաց զոհվածի հայրը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները:

Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:

Նշենք նաև, որ այսօր զոհվածների ծնողները փորձել են Պաշտպանության նախարարություն մուտք գործել, սակայն նիրանց թույլ չեն տվել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր