211652_close_icon
views-count5308 դիտում article-date 16:27 18-08-2022

«Իմ եղբայրն այս տան համար է զոհվել, թուրքին չեմ թողնելու»․ Աղավնոյի երկրորդ բնակիչը հրկիզել է տունը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի երկրորդ բնակիչը հրդեհել է իր տունը՝ նախքան ադրբեջանցիներին հանձնելը։ Իր տունն այրող տղամարդը Արման Հայրապետյանն է, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, հայտնում է News.am-ը։ 

«Ես ափսոսելու բան չունեմ, եթե այստեղ պետք է թուրքը ապրի։ Իմ եղբայրն այս տանը համար է զոհվել, երեխաս է պատերազմին մասնակցել։ Ես ամեն ինչ վառում եմ, որ հանգիստ քնեմ։ Եթե ինձ պետք է մեղադրեն, թող մեղադրեն: Ինձ իրենց փոխհատուցումը պետք չէ։ Ես իմ տունը թուրքին չեմ թողնելու։ Ես իմ տունը կառուցել եմ, որ թուրքը վայելի՞։ Սրբություն ունեցող յուրաքանչյուր հայ այսպես պետք է մտածի»,- տարածած տեսանյութում նշում է բնակիչը։ 

Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1–ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էր ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր