211652_close_icon
views-count220286 դիտում article-date 10:55 19-08-2022

Պարզվել է երեկ Էջմիածնում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. նրանք հասակակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց է ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, ով ունեցել է «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։ 

Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի։ 

Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել է դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել է Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աշտարակ ԲԿ։ 

Վթարի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ 1 հատ ինքնաձիգից կրակված պարկուճ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայնաբերելու ուղղությամբ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել էին նաև  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը և նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը:

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև  Արմավիրի մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա էին կրակոցի բազմաթիվ հետքեր: 

Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և նույն վարչության Վաղարաշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով  տեղակալ Վահան Մաթևոսյանն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների պայքարի վարչության պետ Արսեն Ավոյանը:

Դեպքի վայրում աշխատել էին քննիչներն ու փորձաքրեագետները, ու մինչ նրանք դեպքի վայրում զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ստացել,  որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում, ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել էր նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 282+
282+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր