211652_close_icon
views-count1145 դիտում article-date 10:51 25-08-2022

Հասունանում է չափավոր ազգայնական պահպանողականության պահանջարկը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոդեռնիզմը, լուսավորչականությունը (մասնավորապես՝ կրոնի մերժման տեսքով) եւ պահպանողականությունը (այդ «մերժումը մերժելու» տրամաբանությամբ) ինչ-որ չափով իրար լրացնող երեւույթներ են, ինչպես մեքենայի շարժիչին «գազ տալն» ու արգելակելը: Այդպես է եղել Եվրոպայում՝ 18-րդ դարի վերջում, երբ այդ գաղափարախոսությունները բյուրեղացան եւ կոչվեցին մի կողմից՝ լիբերալիզմ (նաեւ՝ սոցիալիզմ) եւ մյուս կողմից՝ պահպանողականություն: Բայց նույնը պատահում էր տարբեր երկրներում դրանից առաջ եւ դրանից հետո: Ժամանակ առ ժամանակ, այս կամ այն հասարակության մեջ առաջանում է «թափ հավաքելու» ցանկություն, որը հաճախ բերում է հեղափոխությունների, պատերազմների եւ այլ նմանատիպ կատակլիզմների: Որպես կանոն՝ այդ աղետներից հետո ավելի մեծ պահանջարկ ունի պահպանողականությունը՝ «արգելակներին սեղմելը»:

Հետխորհրդային երկրների 1990-ականների բուռն իրադարձություններից հետո որոշ շրջանակներում, բնականաբար, կայունության, լճացման շրջանի կարոտախտ առաջացավ: Գերմանիայի Վայմարյան հանրապետության խառնաշփոթից հետո մարդիկ կարգուկանոնի մեծ պահանջարկ ունեին: Ռոմանտիկ շրջանի զգացմունքայնությունից հետո ցանկություն առաջացավ վերադառնալու դասական «կազմակերպվածությանը», նեոկլասիցիզմին: Օրինակ, Վագների բարդ, հագեցված պարտիտուրներից հետո 20-րդ դարում ի հայտ եկան կոմպոզիտորներ (օրինակ, Ստրավինսկին, ֆրանսիական «Վեցնյակը»), որոնք ձգտում էին պարզ, «չծանրաբեռնված» երաժշտությանը:

Եթե փորձենք այդ օրինաչափությունը տարածել Հայաստանի քաղաքական զարգացումների վրա, ապա, իմ կարծիքով, կարող ենք արձանագրել, որ մեր երկրում նույնպես հասունանում է չափավոր ազգայնական պահպանողականության պահանջարկը: Դա, անշուշտ, չի լինելու վերադարձ ՀՀԿ-ի «պահպանողականությանը». ինձ թվում է, հանրապետականների մոտ նման բան չկար:

Իրականում 1998-2008 թվականների պաշտոնական գաղափարախոսությունը ազգայնականությունն էր, որը կարող է տիրել քաղաքացիների սրտերին, երբ իշխանության գլխին նյութական բարիքներից հրաժարվող ժուժկալ նվիրյալներ են, ինչը ՀՀԿ-ականների մասին ոչ մի կերպ չես ասի: 2018 թվականի «մերժումը», ցավոք, տարածվեց նաեւ ազգայնականության եւ Հայ առաքելական եկեղեցու վրա: Հաջորդ փուլում, հավանական է, պահանջարկ կունենա քրիստոնեական ժողովրդավարությունը: Իսկ թե ինչ է այդ հոսանքն իրենից ներկայացնում՝ դրա մասին հաջորդ խմբագրականում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր