211652_close_icon
views-count1274 դիտում article-date 19:40 25-08-2022

Ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար. նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից:

Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով: Եթե ինչ-որ ժամանակ մտածել ենք, որ կային այլ չափանիշներ, ապա այսօր կարող ենք հստակ ասել, որ ո՛չ հանքարդյունաբերությունը, ո՛չ ծիրանը, ոչ ջերմուկը (որովհետև կար այդպիսի գաղափար), մեզ չեն օգնի, եթե չկա միտք, եթե չկա նախաձեռնություն, եթե չկա ազատություն և ամենակարևորը՝ գիտելիք:

Դուք այդ գիտելիքները ստացողներն ենք և շարունակելու եք ստանալ: Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ: Մի՛ հոգնեք:

Ես ամեն օր ինչ-որ մի բան եմ սովորում, ինչ-որ մի նոր  բան են կարդում: Կյանքում երբեք գիտելիք ստանալու հնարավորությունը չի ավարտվելու, իսկ ներկա ժամանակներում առավել ևս: Այս արագ փոփոխվող, արագ նոր պահանջներ ներկայացնող աշխարհում, եթե սովորելու ձգտում ունեք, ապա համոզված եմ` ձեր ստեղծագործական հնարավորությունները մեծանալու են: Դուք ինքներդ կտեսնեք, որ դառնալու եք նոր գաղափարների, նոր հայտնագործությունների կրողներ, և պետության դերը կայանալու է միայն նրանում, որ ձեզ հնարավորություն տա ուղղակի ազատորեն այդ ամեն ինչն իրագործել:

Մեր երկրում ազատության հետ կապված խնդիրներ չկան, և եթե որևէ խնդիր է ծագում՝ մեր արձագանքը միանշանակ է լինում. մենք պետք է կարողանանք այդ սահմանափակումը վերացնել՝ լինի դա բիզնեսում, առօրյա կյանքում, սահմանային անցակետերում: Այդ ամեն ինչն արվելու է հանուն նրա, որ մարդիկ գան այստեղ և իրենց լավ զգան, խոսքը ոչ միայն մեր երկրի քաղաքացիների մասին է»:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է աշակերտներին հետարքրքող հարցերին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր