211652_close_icon
views-count141387 դիտում article-date 19:40 30-08-2022

Մինչ ոստիկանները որոնում են Արզականում կնոջը սպանած և 2 հոգու դանակահարած տղամարդուն, նա հերթական սպանությունն է կատարել Բալահովիտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի  բաժնի պետ Խաչատուրյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ տեղափոխվել է դանակահարված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի  մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց է տեղափոխվել  «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա  Արթուր Մանուկյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի  8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող  «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:

Նշված սպանությունը կատարելու և  մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա  Զորիկ Մելքոնյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Զ. Մելքոնյանը օգոստոսի  27-ին  Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զ. Մելքոնյանին և հանցագործության գործիք սուր կտրող- ծակող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:
 
 Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու Չարենցավանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դուրգարյանը։ 

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորները Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է վիրավորների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին։ 

Նշված հանցագործությունը բացահայտելու և Զորիկ Մ-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանները, ապա՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները Զորիկ Մ-ի եղբոր հետ այցելում են նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում առկա մահճակալի վրա հայտնաբերվել էր պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արզական գյուղի բնակիչ՝ 35-ամյա Սեդա Պ-ն է, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Զորիկ Մ-ի կինն է։ 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր