211652_close_icon
views-count3356 դիտում article-date 14:52 08-09-2022

Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի համար կսահմանվեն նոր պահանջներ

Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ Կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագծով ցանկանում են սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին վերաբերող պահանջները: Նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները:

«Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝  և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել, վաճառել հնարավոր լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,- ասաց նախարարը:

Սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ պետք է սահմանվեն:

Փոխվարչապետ  Համբարձում Մաթևոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ որոշման ընդունումը կօգնի ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:

Նմանատիպ նյութեր