211652_close_icon
views-count2522 դիտում article-date 21:07 14-09-2022

Ադրբեջանի՝ նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը  հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը


Հայտարարություն
ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին.


Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում  զոհվել և վիրավորվել են  հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով  պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը  հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝  հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
 «Միասնական հայրենիք»
 «Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
ք. Ստեփանակերտ
 

Նմանատիպ նյութեր