211652_close_icon
views-count8619 դիտում article-date 10:52 15-09-2022

Պուտինի «միջնորդական» սկզբունքը՝ «ինչ գրավես՝ քոնն ա»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Հիմա, բոլոր նրանք, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ ՌԴ-ի ձեռքերը «կապված են», ԼՂ-ն ճանաչված չէ, ռուսները չեն կարող բացահայտ պաշտպանել հայկական կողմին, այսօր էլ անգիր արած մեկ բան են կրկնում՝ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին Ռուսաստանի թույլ ու տկար վիճակից՝ ստեղծված Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ու հարձակվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Իսկ դա արդարացնո՞ւմ է Պուտինի, նրա իշխանության ու ողջ Ռուսաստանի փորձագիտական հանրության լռությունը…

Իսկ ինչո՞ւ Թուրքիան չի օգտվում Ռուսաստանի նույն «թույլ» վիճակից, ավելին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն «թույլ» Ռուսաստանը Սիրիայում հաճախ արժանի հակահարված է հասցնում թուրքամետ ուժերին… Այս հարցին կպատասխանե՞ն ռուսական քարոզչամեքենայի անխոնջ մարտիկները:

Ուրեմն, մեր տարածաշրջանում Պուտինի խաղը այլ է՝ չհակադրվել թուրք-ադրբեջանական բացահայտ ձգտումներին եւ նոր թեժ կետում իրավիճակի բարդացման հիմքում ունենալ մի նոր հնարավորություն՝ Արեւմուտքի հետ բանակցելու, «առեւտրի» մեջ մտնելու: Ի դեպ, այսպիսի հնարավորության մասին ԱՄՆ-ն արդեն իսկ ակնարկել է…

Ի՞նչ ենք տեսնում այս օրերին: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիան հստակ արձանագրվում է Արեւմուտքի կողմից, միանշանակ պահանջում են՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում: Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում երկրի ենթակառուցվածքներին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Այսպես, Վաշինգտոնը միանշանակ շեշտում է, որ ԱՄՆ-ն զգալի ապացույցներ ունի, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը: Իսկ Կրեմլը, ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն չունե՞ն նման ապացույցներ…

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում պատերազմը ողջ ինտենսիվությամբ շարունակվում էր, իսկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ազդարարեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել՝ Պուտինի ջանքերով, մինչդեռ այդ հայտարարությունից քիչ անց ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանը շարունակում է ՀՀ տարածքում դիրքային առաջխաղացման փորձեր իրականացնել եւ պարզ դարձավ, որ ոչ մի հրադադար ու զինադադար գոյություն չունի… Կամ, ՀՀ տարածքում լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում երրորդ օրը ՌԴ-ից լսեցինք՝ «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում», կամ՝ «Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության»: Կամ, ՀԱՊԿ-ն Հայաստանի խնդրանքով գագաթնաժողով է հրավիրում ու ի՞նչ ենք լսում՝ «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտնձգության մասին, քանի որ այն սահմանազատված չէ»…

Ու Ռուսաստանի ու նրա հովանավորյալ կառույցների վրա Հայաստանում դեռ հույս դնողներ կա՞ն… Եվ, ի դեպ, ի՞նչ բացատրություն ունեն ՀՀ ռուսական ռազմաբազայի հզորության վերաբերյալ տասնամյակներ շարունակ առասպելներ պատմողները՝ «Թուրքիայից մի թռչուն անցնի՝ ռուսական կործանիչները օդ են բարձրանալու․․․»»:

Մանրամասն՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր