211652_close_icon
views-count57670 դիտում article-date 11:41 17-09-2022

Երևանում 27-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարած 40-ամյա կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի հանրահավաքի ժամանակ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում մասսայական կռիվ է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցի ձայներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 01։40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ «ձախ ստոր անրակային շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պավլովը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սերգեյ Ա-ն է, ում բժիշկները հայտնաբերել են դրսում ընկած վիճակում։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 166 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետո վերաորակվորվել է ՀՀ քր.օր-ի 44-155 հոդվածի 1-ի մասով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սերգեյ Ա-ի նկատմամբ սպանության փորձ կատարել է Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ա. Տ-ն։

Ոստիկանների մեկ այլ օպերատիվ խումբ տեղեկություններ է ստանում, որ նա սեպտեմբերի 15-ին մասնակցում է Երևանում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի հանրահավաքին, ու ժամը 20։30-ին Ա. Տ-ն ոստիկանների կողմից հայտնաբերվում է Բաղրամյան պողոտայում և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ ներկայացվում է  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր