211652_close_icon
views-count3232 դիտում article-date 09:13 21-09-2022

ԱՄՆ-ը պետք է ներգրավվի Հայաստանի անվտանգության ապահովմանը. կոնգրեսականներ․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի մի շարք կոնգրեսականներ սեպտեմբերի 19-ին ելույթով հանդես եկան ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի աջակցությամբ և ամերիկահայ կառույցների ջանքերով կազմակերպած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջոցառմանը, ուր իրենց խոսքում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումներին, խստորեն դատապարտեցին Բաքվին՝ վերջինիս գործողությունները որակելով ագրեսիա ընդդեմ Հայաստանի: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պակատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ օրերս Հայաստան այցելած հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնը իր խոսքում կարծիք հայտնեց, որ Միացյալ Նահանգները պետք է ներգրավված լինի Հայաստանի անվտանգության ապահովմանը:

«Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե դա ինչպես է իրականացվելու: Մենք միանգամայն պարզ նշել ենք, որ ցանկանում ենք օգնել Հայաստանին ոչ միայն պաշտպանելու իր ժողովրդավարությունը, որը չափազանց կարևոր է, բայց նաև ներգրավված լինելու նրանց պաշտպանությանը անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա:

Ըստ կոնգրեսական Փալոնի՝ չկա որևէ պատճառ հավատալու, որ Ռուսաստանը սատար կկանգնի Հայաստանի անվտանգությանը:

«Հայաստանը դիմեց Ռուսաստանին կնքված պայմանագրի համաձայն, և Ռուսաստանը փաստահավաք խումբ ուղարկեց, ենթադրաբար, ինչ-որ հետաքննություն անցկացնելու: Ի՞նչ կա հետաքննելու։ Ակնհայտ է, որ սա ագրեսիա է Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Փալոնը:

Իր հերթին կոնգրեսական Ջիմ Քոստան շեշտում է՝ հայերը ստեղծել են ծաղկուն ժողովրդավարություն շատ դժվար տարածաշրջանում: Ըստ նրա՝ այսօր դժվար ժամանակներ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի համար:

«Թե՛ Ուկրաինան, և թե՛ Հայաստանն այսօր այն խորհրդանիշներներն են, որոնք փորձում են պահպանել իրենց ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը: Արցախն էլ մշտապես եղել է Ադրբեջանի թիրախում։ Հետևաբար, մենք պետք է լինենք միասնական և միասին»,- ասել է կոնգրեսականը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Կոնգրեսական Ջուդի Չուն հայտնեց, որ Ադրբեջանը արգելել է իր մուտքը երկիր: Նա Ադրբեջանի գործողությունները վերջին սահմանային բախումներին որակեց որպես «հերթական հարձակում ինքնորոշման, ժողովրդավարության և ազատության գաղափարների դեմ», որին անհրաժեշտ է հակազդել:

«Անհրաժեշտ է ԱՄՆ-ի հզոր աջակցությունը Հայաստանին և Արցախին։ Ժամանակն է հստակ գիծ քաշել. այլևս չպետք է լինի ամերիկյան օգնություն Ադրբեջանին, իսկ հետագա բռնությունները պետք է հանգեցնեն պատժամիջոցների»,- կարծիք է հայտնել Չուն:

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնն էլ շեշտում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Նա կոչ արեց միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ադրբեջանի իրագործած բռնությունն ու ագրեսիան ընդդեմ Հայաստանի:

«Կարծում եմ, որ խոսնակ Փելոսիի Հայաստան այցը ի ցույց դրեց մեր միանշանակ աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում»,- ասել է նա

Իրենց ելույթներում ամերիկացի օրենսդիրները աջակցություն հայտնեցին կոնգրեսական Ադամ Շիֆի հեղինակությամբ և ավելի քան 30 կոնգրեսականների համահեղինակությամբ համար 1351 «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված չհրահրված ռազմական հարձակման դատապարտում» անունը կրող բանաձին:

Իր հերթին բանաձևի հեղինակ, հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը իր խոսքում կարևորեց, որ ԱՄՆ միանշանակ դատապարտի «Ադրբեջանի և Ալիևի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված այս ագրեսիվ պատերազմը», դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառի Բաքվի դեմ, ըստ նրա, պատերազմի օրերին իրագործած հանցագործությունների համար, հայտարարեց Շիֆը:

«Ողբերգությունն կայանում է նրանում, որ այս ընդհարումները եւ երկու տարի առաջվա պատերազմը կարող էին կանխվել, եթե միջազգային հանրությունը դադարեր հավասարության նշան դնել և կողմերին կոչ անել ձեռնպահ մնալ բռնություններից, երբ ակնհայտ էր, որ այստեղ եղել է և կա միայն մեկ ագրեսոր, և դա Ադրբեջանն է»,- հայտարարել է Շիֆը:

Իր հերթին Հայ Դատի հանձնախմբի հրավերով Վաշինգտոնում գտնվող Դավիդ Բաբայանն իր խոսքում ընդգծեց՝ մենք այսօր կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքների առջև, և ցանկացած րոպե հակառակորդը կարող է լայնածավալ հարձակումներ սկսել: Նա կարևորեց ԱՄՆ դերակատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հայկական ու մասնավորապես ամերիկահայ սփյուռքի աջակցությունը:

«Ակնկալում ենք Վաշինգտոնից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր գործուն քայլեր հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Թուրքիայի ագրեսիվ նկրտումների զսպում, քանի որ այսօր ԱՄՆ միակ երկիրն է, որ ի վիճակի է դա անել»,- ասել է Բաբայանը:

Միջոցառումը վարող Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր խոսքում ողջունեց միջոցառման մասնակիցներին, ովքեր ներկա էին «այստեղ պատմության այս առանցքային պահին»: Հայաստանի ժողովուրդը միայնակ չէ, հայտարարեց Համբարյանը, ով ողջունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, ինչպես նաև Դավիդ Բաբայանի այցը Վաշինգտոն՝ առանձնացնելով հետագա առաջնահերթություններն ու ձեռնարկվող քայլերը:

«Ինչպես նշեցի, անհրաժեշտ է հասնել հետևայլա նպատակների. ամերիկյան ռազմական օգնության դադարեցում Ադրբեջանին, մարդասիրական օգնության տրամադրում Արցախին, մեր ռազմագերիների ազատ արձագում ու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետաքննում, ներառյալ օտարերկրա զինյալները, կլաստերային ռումբերի կիրառումն ու թուրքական դրոներում ամերիկյան մասերի օգտագործումը: Դրանք իրագործելի նպատակներ են, որոնց կարող ենք հասնել մեր համայնքի ու Կոնգրեսում մեր բարեկամների միջոցով»,- ասել է Համբարյանը։

Միջոցառմանը մասնակից ամերիկահայ կառույցների այլ ներկայացուցիչներ ևս իրենց խորը երախտագիտությունը հայտնեցին ամերիկացի կոնգրեսականներին հայկական օրակարգին ցուցաբերած աջակցության համար:

Նմանատիպ նյութեր