211652_close_icon
views-count1250 դիտում article-date 19:59 23-09-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներին

Սեպտեմբերի 23-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ  Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի:

Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։ Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Հայոց Հովվապետը  կարևորեց  միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում  խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին։
 

Նմանատիպ նյութեր