211652_close_icon
views-count2948 դիտում article-date 21:14 23-09-2022

Հայաստանի մի խումբ փորձագետներ առաջարկությունների փաստաթուղթ են ներկայացրել Նենսի Փելոսիին Երևան կատարած այցի ընթացքում

Հայաստանի մի խումբ փորձագետների անունից անվտանգության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը ներկայացրել է առաջարկությունների ստորեւ ներկայացվող փաստաթուղթը ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝  Երևան կատարած այցի ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում՝ նշանառության տակ առնելով Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանները, օգտագործելով զինատեսակների լայն զինանոց, այդ թվում՝ ծանր հրետանի ու մարտական ԱԹՍ-ներ։ Որպես հետևանք, Ադրբեջանը ներխուժել ու օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 10 ք/կմ տարածք։ Այս ագրեսիան հաջորդել է 2021 թ․-ի մայիսին ու նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ևս 45 ք/կմ ինքնիշխան տարածք։ Ավելին՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը նախապատրաստում է ևս մեկ ռազմական հարձակում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական հավակնությունները։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ոգեշնչված անցյալում ուժի կիրառման միջոցով ձեռք բերած արդյունքներից և չբախվելով  որևէ հետևանքների (ուղղված ավտորիտար ռեժիմին կամ ամբողջ երկրին)՝ Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել բռնությունն ու ագրեսիան՝ որպես միջազգային հարաբերություններում հարաբերվելու մեթոդ՝ նպատակ ունենալով ուժով գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապահով կյանքի և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքներից զրկելուն ուղղված իր քաղաքականությունը։

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները կտրուկ փոխել են Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը։ Բռնապետական վարչակարգերը ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, և Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, կարիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակային աջակցության։ Այսպիսով՝ մենք խնդրում ենք Ձեզ դիտարկել հետևյալ գործողությունների իրականացման հնարավորությունը.

  1. ԱՄՆ Կոնգրեսում որպես օրենք նախաձեռնել Հայաստանի երկկողմ աջակցության ակտ։ Սույն ակտը կարող է վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև անվտանգությանը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Հայաստանի աջակցության ակտը կարող է էապես համալրել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը և հիմք ստեղծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համար:

  2. Հայաստանին տրամադրել «MNNA» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակցի (Major Non-NATO Ally) կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կարող է էականորեն ավելացնել Հայաստանի անվտանգության կարողությունները պաշտպանելու ժողովրդավարությունը նման անհանգիստ տարածաշրջանում անվտանգության լուրջ մարտահրավերների բախվելիս, միևնույն ժամանակ` նպաստելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների բարձրացմանը ռազմավարական գործընկերության մակարդակի։

  3. Ալիևյան ռեժիմի կողմից ագրեսիայի վերսկսման պարագայում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են և/կամ ներգրավված են այնպիսի գործողություններում, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, խաթարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաև պարունակում են մարդու իրավունքների լրջագույն ոտնահարումներ: Վերանայել Ադրբեջանի կողմից ԱՄՆ դաշնակիցներին գազի կամ նավթի մատակարարման պայմանավորվածությունները։

Էդուարդ Աբրահամյան – Անվտանգության հարցերով փորձագետ, Լոնդոն 

Արեգ Քոչինյան – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան

Արմինե Մարգարյան - Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, Երևան

Ալբերտ Ներզեթյան  – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան

Արթուր Սաքունց – Իրավապաշտպան, Վանաձոր

 

Նմանատիպ նյութեր