211652_close_icon
views-count5141 դիտում article-date 19:40 28-09-2022

Առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահների և Վեհափառի հանդիպմանը։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք.

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում:

Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:

Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր