211652_close_icon
views-count1087 դիտում article-date 22:49 11-10-2022

Խարբերդի մասնագիտացված մանկատան պայմանները կբարելավվեն․ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ դրամաշնորհայաին պայմանագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատան» պայմանների բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավմամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։

Միջոցառման շրջանակում «Խարբերդի մասնագիտացված մանկատունը» կապահովվի անհրաժեշտ գույքով․ այս նպատակով՝ կտրամադրվի ավելի քան 99,7 հազար դոլար։

Ստորագրման արարողության ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Ճապոնիայի դեսպանության հետ սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը մեծապես կօգնի հաստատությունում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության ջանքերն՝ ուղղված խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Լիահույս ենք, որ «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը նույնպես կընթանա հաջողությամբ և դրական արդյունքներ կգրանցի»,- նշել է նախարարը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս, կարևորելով նախարարության հետ համագործակցությունը, նշել է, որ տվյալ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի բարելավել շուրջ 236 երեխայի կարիքների բավարարմանը․

«Երեխաների սոցիալական բարեկեցության ապահովումը հանդիսանում է ցանկացած երկրի հիմք՝ որպես ապագայի բարեկեցության գրավական։  Հուսով եմ, որ այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք Խարբերդի մանկատան սաների կյանքի որակի բարելավմանը»։

«Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Գայանե Բալասանյանի խոսքով՝ տարիներ շարունակ «Քեզ համար» հասարակական կազմակերպությունը տարատեսակ ծրագրեր է իրականացրել խոցելի խմբերի սոցիալական կարիքների բավարարման ուղղությամբ՝ նպաստելով վերջիններիս սոցիալական ներդաշնակ ներառմանը։

«Մենք մշտապես համագործակցել ենք Խարբերդի մասնագիտացված մանկատան հետ և տեղյակ ենք առկա հիմնախնդիրների մասին։ Հաստատության խմբասենյակների վնասված և հնացած գույքը կարող է խոչնդոտել նրանց ինքնագործունեությանը։ Ուստի, ծրագրի շրջանակում ձեռք բերվող միջոցները կուղղվեն եղած խնդիրների շտկմանը»։

Նմանատիպ նյութեր