211652_close_icon
views-count1821 դիտում article-date 10:37 12-10-2022

Էմոցիոնալ բթության հիմնական պատճառը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած շաբաթ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Կերչի կամրջին, որը կապում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզը այդ երկրի կողմից 2014 թվականին բռնազավթված Ղրիմի հետ: Պայթյունի պատճառները մինչեւ վերջ հայտնի չեն: Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ռուսաստանյան ուժայինների ներքին հակասություններն են: Կրեմլը, բնականաբար, մեղադրում է «ուկրաինացի ահաբեկիչներին»: Եթե դա այդպես է, ապա առնվազն վկայում է այն մասին, որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները վատ են պահպանում իրենց վերահսկողության տակ գտնվող այդ ռազմավարական օբյեկտը:

Ի պատասխան պայթյունի՝ Ռուսաստանը բարբարոսական հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի մի քանի տասնյակ քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիեւը: Երկու-երեք հարյուր միլիոն դոլար արժեցող այդ օպերացիան որեւէ ռազմական խնդիր չէր լուծում, ռազմաճակատում իրավիճակը առանձին փոփոխություններ չի կրել: Գուցե խնդիր էր դրված ուկրաինացիներին վախեցնելու, սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդիկ նման ակցիաներից հետո ոչ այնքան վախենում են, որքան լցվում են ցասումով:

Բայց ինձ նախեւառաջ հետաքրքրում է այդ իրադարձություններին մեր հասարակության արձագանքը: Կամրջի պայթյունը բուռն ոգեւորություն էր առաջացրել մեր, այսպես կոչված, արեւմտամետ շրջանակներում: Կարծես դա ինչ-որ բեկումնային իրադարձություն էր պատերազմում, որը վաղը կբերի Ռուսաստանի կապիտուլյացիային:

Բայց ավելի հիասթափեցնող էր այն հրճվանքը, որն առաջացրել է խաղաղ քաղաքների հրթիռակոծությունը, որի արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ են զոհվել: Դա, իմ կարծիքով, եւս մի ապացույց է, որ մեր հասարակության մոտ անջատվել է պարզ մարդկային կարեկցանքի «կոճակը», եւ մարդիկ ամեն ինչին նայում են իրենց քաղաքական հայացքների, իսկ ավելի ստույգ՝ իրենց զուտ կենցաղային, որեւէ բանով չհիմնավորված նախապաշարումների բերումով: 

Էմոցիոնալ այս բթությունը, հավանաբար, բացատրվում է հիմնականում սոցցանցային իրականությամբ, որի ժամանակ մարդիկ ապրում են օրվա իրադարձություններով՝ «ժամանակ չունենալով» դրանք իմաստավորելու, վերլուծելու, դրանց նշանակությունը հասկանալու:

Օրինակ, անզեն հայ ռազմագերիների գնդակահարությունը մեկ օր հուզական արձագանք ստանալուց հետո մոռացվեց, իր տեղը զիջելով ինչ-որ աղմկահարույց հոդվածի կամ ելույթի:

Ես չեմ զարմանա, որ եթե վաղը հայտարարվի պետության «լուծարման» մասին, այդ թեման կքննարկվի միայն մեկ օր, իսկ հաջորդ օրը ուշադրությունը կշեղվի ինչ-որ աստղերի ամուսնության կամ բաժանման վրա»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր