211652_close_icon
views-count1063 դիտում article-date 09:13 14-10-2022

Իրանում հակառավարական ցույցերը շարունակվում են․ «Ամերիկայի ձայն»

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցեր՝ անցած ամիս ոստիկանությունում 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո: Նրան ձերբակալել էր Իրանի ոստիկանությունը «անբարոյական հագուստի» համար։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թեհրանի համալսարանում ուսանողները հավաքվել էին ֆարսի լեզվով արտասանելու «արյուն» բառը՝ պահանջելով իսլամական ռեժիմի տապալումը: Չորս շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը, որոնցից շատերը ղեկավարվում էին կանանց կողմից, տարածվում են Իրանի քաղաքներով մեկ:

«Իրոք տպավորիչ է, որ նրանց համար վախի արգելապատն ամբողջությամբ ավերվել է, և նրանք գնալով կորցնելու ոչինչ չունեն, հետևաբար նրանք պատրաստ են համառորեն պայքարել»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի հարցերով վերլուծաբան Ալի Վաեզը:

Անցյալ բողոքի ցույցերի ժամանակ, ինչպիսին 2009 թ-ի կանաչ շարժումն էր, հնարավվոր չեղավ տապալել իսլամական կառավարությունը:

Սակայն դժգոհությունն այժմ գերազանցում է քաղաքական բաժանումները՝ տնտեսական ճգնաժամի և ներքին բռնաճնշումների պայմաններում, ասում է վերլուծաբան Բեհնամ Թալեբլուն:

Տասնյակ ցուցարարներ սպանվել են այս ընթացքում։ Վարչակարգը դեռ հնարավորություն ունի ճնշելու ցույցերը, ասում է Ալի Վաեզը։

«Այն դեռ գործի չի դրել Հեղափոխության պահապաններին: Իշխանությունները դեռևս շատ ռեպրեսիվ գործիքներ ունի իրենց ձեռքում, որոնք կարող են օգտագործվել շարժման դեմ»,- ասում է Վաեզը:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան հետևեց Միացյալ Նահանգներին և Կանադային՝ պատժամիջոցներ կիրառելով Իրանի բարոյականության հարցերով զբաղվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

«Դա պետք է ընդլայնվի ամբողջ Եվրամիությունում»,- պնդում է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Բեհնամ Բեն Թալեբլուն:

Եվրոպայում կին օրենսդիրներն ու հայտնի մարդիկ կտրում են իրենց մազերը՝ ի նշան համերաշխության իրանցի կանանց հետ: Մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցել։

«Մենք այստեղ ենք, որպեսզի լինենք Իրանի ժողովրդի ձայնը: Եվ մենք այստեղ ենք, որպեսզի բրիտանական կառավարությունից պահանջենք բարձրաձայնել այս հարցի շուրջ»,- ասում է ցուցարար մի կին:

Ցույցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և եվրոպական տերությունները բանակցություններ են վարում Թեհրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի դատապարտել է Իրանի բռնաճնշումները, սակայն ասել է, որ Ֆրանսիան պայքարում է միջուկային զենքի տարածումը կանխելու համար:

Միջուկային բանակցությունները ձախողվել են, և դրանք պետք է դադարեցվեն, պնդում է վերլուծաբան Թալեբլուն: Ըստ նրա՝ համաձայնագրի վերակենդանացումը կհանգեցնի բռնապետական վարչակարգի ամրապնդմանը:

Թալեբլուն ասում է, որ Արևմուտքը կարող է գործնական քայլեր ձեռնարկել ցուցարարներին օգնելու համար, ներառյալ արբանյակային ինտերնետի տրամադրումը կառավարության սահմանափակումները շրջանցելու համար:

Նմանատիպ նյութեր