211652_close_icon
views-count1632 դիտում article-date 11:30 14-10-2022

Հայաստանում հաղթել է ֆեյսբուքյան իրականությունը․ դիվանագիտություն՝ հանուն like-ի՞․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը վերջին պատերազմում մեր պարտությունից անմիջապես հետո մի շատ դիպուկ դիտողություն արեց այն մասին, որ Հայաստանում հաղթել է ֆեյսբուքյան, սոցցանցային իրականությունը: Դա, իմ կարծիքով, նշանակում է, որ ցանկացած երեւույթի եւ ցանկացած խոսքի արժեքը գնահատվում է նրանով, թե սոցցանցերում հայտնվելուց հետո քանի դիտում, քանի «լայք» եւ «սրտիկ» է հավաքում:

Դա բերում է առնվազն երկու հետեւանքի:

Նախ, խոսքը պետք է հնարավորինս «ճչացող» եւ խարազանող լինի, քանի որ շատ քչերը ժամանակ եւ ցանկություն ունեն խորանալու փաստարկների եւ տրամաբանության մեջ:

Եվ երկրորդ՝ այդ խոսքն ասելիս՝ մարդը վերջին հերթին է մտածում դրա իրական արժեքի եւ նշանակության մասին: Նրան նախ եւ առաջ մտահոգում է այն, որ իր տեսակետն արտահայտելուց հետո ինքը չհայտնվի hater-ների միջավայրում, որտեղ իրեն կծածկի ատելության եւ վիրավորանքների հեղեղը:

Դա, իր հերթին, պայմանավորվում է նրանով, որ ժամանակակից մարդիկ չեն ցանկանում դրսեւորվել որպես ինքնուրույն մտածող, գնահատող եւ վերլուծող անհատներ, այլ ձգտում են տարրալուծվել ինչ-որ մի խմբի մեջ, որը, նրանց կարծիքով, մեծամասնություն է կազմում՝ «սաղ ժողովուրդը, բացի մեկ-երկու անհաջող կերպարներից, այդպես է մտածում»: Ինքնուրույն դատողություններ անելու փոխարեն շատ ավելի հեշտ է թաքնվել ինչ-որ մի բանաձեւի հետեւում, որն արդեն իսկ պատրաստի պատասխան է, եւ նկարագրում է կյանքի բոլոր երեւույթները:

Օրինակ, դուք թերթում եք ֆեյսբուքի ժապավենը եւ տեսնում եք առաջին նախագահի նկարը: Դուք չեք բացում նյութը, անգամ չեք կարդում վերնագիրը, բայց տակը գրում եք՝ «լավ չես ապրելու, Սերգո ջան» հայտնի «բանաձեւը», եւ դրանով լուծում եք երկու խնդիր՝ նախ ձեր «նուրբ հեգնանքով» բազմաթիվ լայքեր եք հավաքում, երկրորդ՝ ձեզ զգում եք խոշոր ազգային, քաղաքական կամ հասարակական գործիչ, որը կարողացել է Տեր-Պետրոսյանին «տեղը դնել»:

Սոցցանցային իրականության այդ առանձնահատկություններն անշուշտ ազդում են քաղաքականության վրա, նաեւ՝ արտաքին: Մասնավորապես, մարդկանց չի հետաքրքրում՝ Լավրով-Միրզոյան բանակցությունների իրական բովանդակությունը եւ դրանց ազդեցությունը հետագա գործընթացների վրա: Օգտատերերը վերցնում են մեկ նախադասություն ՀՀ արտգործնախարարի ասածներից եւ դրանից բուռն հրճվանք են ապրում՝ «վայ, ապրես դու, մեռնեմ դուխիդ, լավ շշպռեցիր»: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ նման նախադասությունները հենց դրա համար էլ արտասանվում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր