211652_close_icon
views-count1351 դիտում article-date 20:56 03-11-2022

Դումանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման խորացման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Սալվա Նակկոզին:

Նախարարը շնորհավորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման օրոք առավել կբարելավվի բուհական միջավայրը, և կբարձրանա կրթության որակը: Նա վստահեցրել է՝ Ֆրանսիական համալսարանը ՀՀ-ում ունի բարձր վարկանիշ՝ ուրախությամբ փաստելով, որ բուհի շուրջ քննարկումներն ընթանում են բացառապես զարգացման նոր ուղղությունների և համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման շուրջ:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ռեկտոր Սալվա Նակկոզիին՝ ընդգծելով, որ նա անցել է մասնագիտական հարուստ ճանապարհ: Սալվա Նակկոզին 6 տարի եղել է Պուատիեի (Ֆրանսիա) համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, իսկ 4 տարի ղեկավարել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Միջին Արևելքի գրասենյակը: Նա աշխատել է նաև համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական ու համագործակցության հարցերով կցորդ՝ համապատասխանաբար Իրաքում և Հորդանանում Ֆրանսիայի դեսպանատներում:

Ռեկտորը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է՝ հաշվի առնելով այլ երկրների նմանատիպ բուհերում իր փորձառությունը՝ կարող է փաստել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը հաջողված լավագույն օրինակն է: 

Սալվա Նակկոզին ընդգծել է, որ բուհի ամենամեծ հաջողությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները մնում են աշխատելու Հայաստանում, իսկ ուսանողների 50 տոկոսը մինչև մագիստրատուրան արդեն աշխատանք է գտնում իր մասնագիտությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ մի շարք այլ բուհերի հետ այսօր տրվել է գիտահետազոտական նոր նախագծի մեկնարկը՝ ինֆորմատիկայի և արհեստական բանականության ուղղություններով: Ռեկտորը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում իր ներդրումը կունենա ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման գործում:

Որպես հայ-ֆրանսիական համագործակցության հաջողված օրինակ՝ կողմերը մատնանշել են նաև Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացման փորձը, որին օրերս ականատես են եղել՝ այցելելով այդ հաստատություն:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր