211652_close_icon
views-count1247 դիտում article-date 19:46 05-11-2022

Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով․ հանրահավաքի հայտարարությունը

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․
 

«Հայաստանի իշխանությունների գրավոր թե բանավոր համաձայնությունները չունեն իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առոչինչ: 

Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։

Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը,

սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը,

մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ,

փչացնում է մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ,

բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա։

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։

Մենք կողմ ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի: «Զանգեզուրի միջանցք» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։

Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։

Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում։

Մենք անընդունելի և հակապետական ենք համարում «Արցախը հանձնենք, որ Հայաստանում խաղաղ ապրենք» օրվա իշխանության քաղաքականությունը։  

Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8–ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի և միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Մենք արձանագրում ենք.

ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր,

Հայաստանի օրվա իշխանությունը՝ ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների,

այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում: 

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները և համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ։

Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի:

5 նոյեմբերի, 2022թ․

Ֆրանսիայի հրապարակ»

Նմանատիպ նյութեր