ԿԳՄՍՆ-ն հայտարարում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման լրագրողական մրցանակաբաշխություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն:
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
Հեռուստա/ռադիո արտադրանք,
Տպագիր և էլեկտրոնային նյութեր:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։
Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,
2) լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,
3) հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:
Մրցանակաբաշխությանը ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:
Հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:
Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:
Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվելու են դրամական խրախուսմամբ՝
1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):